Տեսակետ

Դադարեցրե՛ք էժանագին քաղաքական մանևրները. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․

«Բոյկոտն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն ունենում է լայն հանրային աջակցություն, երբ հասարակությունը համաձայն է դրա նպատակներին և պատրաստ է հետևողականորեն մասնակցել դրան։ Սակայն այս իրավիճակում նման կոնսենսուս պարզապես գոյություն չունի։ Մարդկանց չի կարելի ստիպել մասնակցել բոյկոտին, եթե նրանք չեն տեսնում դրա հիմնավորվածությունը, կամ եթե նախաձեռնողները չունեն հանրային վստահություն։

Այս բոյկոտը թերևս կարող էր որոշակի ազդեցություն ունենալ, եթե այն նախաձեռնեին հասարակության լայն շերտերի վստահությունը վայելող քաղաքական ուժեր կամ քաղաքացիական ակտիվ դերակատարներ։ Սակայն երբ այն նախաձեռնվում է նրանց կողմից, որոնք տարիներ շարունակ խարխլել են պետական ինստիտուտները, վարկաբեկել ազգային օրակարգը, հասարակության մոտ առաջանում է բնական հարց․ ո՞ւմ շահերին է սա իրականում ծառայում։

Իշխանության գործողությունները, անշուշտ, լի են կառավարման անհամապատասխանությամբ, ոչ պրոֆեսիոնալ որոշումներով և թափանցիկության պակասով։ Սակայն եթե որևէ քաղաքական շրջանակ փորձում է պայքարել այս անարդյունավետության դեմ, պետք է դա անի իրատեսական, երկարաժամկետ և հետևողական մեթոդներով, ոչ թե բոյկոտի անվան տակ իրավիճակն ավելի անհասկանալի ու քաոսային դարձնելով։

Բացի այդ, բոյկոտի այս արհեստական մոբիլիզացիան, որը չունի հանրային լայն աջակցություն, միայն ուժեղացնում է իշխանության դիրքերը՝ հնարավորություն տալով նրանց ավելի հեշտ մանիպուլացնել հանրային կարծիքը և ներկայացնել բոյկոտը որպես փոքր խմբերի անարդյունավետ ակցիա։

Եթե իսկապես կա ցանկություն՝ փոխելու իրավիճակը, ապա պետք է զբաղվել քաղաքի զարգացման ծրագրերով, արդյունավետ քաղաքական օրակարգ ձևավորելով, իսկ ընդունված որոշումների դեմ պայքարել իրավական, կազմակերպված և երկարաժամկետ մեխանիզմներով։

Դադարեցրե՛ք էժանագին քաղաքական մանևրները, կենտրոնացե՛ք բովանդակային աշխատանքի վրա, ձեր գործունեությանը հաղորդեք ստեղծարարություն և ռազմավարական մտածողություն»։