«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․
«Երեկ հայտնի դարձավ, որ մոսկովյան հիվանդանոցում մահացել է քրեական աշխարհում «Արմեն Գորլովսկի» անունով հայտնի Արմեն Սարգսյանը։ Ուկրաինայի անվտանգության ծառայության (СБУ) տվյալներով՝ նա պատկանում էր Վիկտոր Յանուկովիչի մերձավոր շրջապատի հանցավոր տարրերին և 2014 թվականից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ Կիևի կենտրոնում սպանություններ կազմակերպելու մեղադրանքով։ 2015 թվականից նրա անունը ներառված էր «Միրотворец» տվյալների բազայում, որտեղ նշվում էր, որ Սարգսյանը մասնակցել է ապօրինի զինված խմբավորումների կազմավորմանը և վտանգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Սարգսյանի գործունեությունը միշտ կապվել է քրեական և ռազմական հանցագործությունների հետ։ Նա գործել է որպես ռուսական իշխանությունների կամակատար, իսկ 2022-ին ստեղծեց «Արբատ» անվամբ գումարտակ՝ բաղկացած ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից։ 2024 թվականին Ռուսաստանի իշխանությունների հրահանգով նրա մարդիկ ներգրավվել են Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։
Բացի դրանից, ըստ տեղեկութունների, 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Հայաստանը և Արցախը մահու և կյանքի կռիվ էին տալիս, Սարգսյանը ոչ միայն որևէ աջակցություն չի ցուցաբերել հայրենիքին, այլև ռուսական իշխանությունների հրահանգով համակարգել է Ռուսաստանից Հայաստան ռազմական կամ մարդասիրական օգնության արգելումը:
Այս ամենի ֆոնին ապշեցնող էր Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հայտարարությունը, որը Սարգսյանին ներկայացրեց որպես բարեպաշտ, իսկ նրա մահը որակեց «մարդկության դեմ ուղղված հանցանք»։
Այս հայտարարությունը ծայրաստիճան անհասկանալի և անընդունելի է։ Ինչպե՞ս կարող է Հայ Առաքելական Եկեղեցին հանցագործին, որը հայտնի էր որպես քրեական հեղինակություն, ներկայացնել որպես բարեպաշտ հավատացյալ։ Ինչպե՞ս կարող է եկեղեցին մարդուն, որը կանգնած էր ապօրինի զինված խմբավորումների ստեղծման և պետական հեղաշրջման փորձի հետևում, որակել որպես արժեքների պահապան։ Եվ ինչպե՞ս կարող է եկեղեցու ներկայացուցիչը պաշտպանել մի անձնավորության, որի դերն ավելի շատ ծառայելն է օտար շահերին, քան սեփական պետության և ժողովրդի բարօրությանը։
Հայ Առաքելական Եկեղեցին պատմության ընթացքում միշտ եղել է հայ ժողովրդի ինքնության, պայքարի և հոգևոր պաշտպանության կարևորագույն հիմնասյուներից մեկը։
Եկեղեցին երբևէ այսպիսի անարգանք չի թույլ տվել հայ ժողովրդի հանդեպ, որ բացահայտ քրեական գործչի մահը որակի որպես «մարդկության դեմ ուղղված հանցանք», այն դեպքում, երբ հենց այդ անձնավորության գործունեությունն էր հակահայկական և վնասաբեր։ Այսպիսի մոտեցումները խարխլում են եկեղեցու հեղինակությունը և վտանգում նրա դերը՝ որպես հայ ժողովրդի ազգային ինքնության պահապան»։