ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի գրառումը․
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
Վստահ եմ՝ հաճախ ենք մտածում՝
ինչու՞ են Երևանում տարեցտարի անտանելի դառնում երթեւեկությունը և տրանսպորտային խցանումները,
ինչու՞ են շատերը խուսափում հասարակական տրանսպորտից,
ինչու՞ է Երևանի օդի աղտոտվածության մակարդակը բարձր։
Հասարակական տրանսպորտի դերը հանրային կյանքում ավելի մեծ է, քան պատկերացնում ենք շատերս: Նրա դերն ու նշանակությունը դառնում է անգնահատելի, երբ պետությանը հաջողվում է ունենալ հասարակական տրանսպորտ, որը՝
անվտանգ է,
մատչելի,
կանխատեսելի,
հարմարավետ,
հնարավորինս արագընթաց :
Եթե վերը նշվածը չի հաջողվում իրականացնել, ապա ստացվում է մոտավորապես այն պատկերը, ինչն ունենք վերջին տասնամյակում։
Եթե քաղաքացին վստահ չէ, որ տեղ է հասնելու սահմանված ժամին՝ անվտանգ, մատչելի և հարմարավետ պայմաններում, ապա ձգտելու է չօգտվել տրանսպորտից: Հետևաբար նա ամեն գնով ձեռք է բերելու թեկուզ էժանագին ավտոմեքենա, որպեսզի կարողանա գոնե կանխատեսելի ժամանակում ու հարմարավետ պայմաններում տեղափոխվել մի վայրից մյուսը: Ի՞նչ է ստացվում. ՀՀ-ում, հատկապես՝ Երևանում, տրանսպորտային միջոցների քանակը վերջին մի քանի տարում կրկնապատկվել է, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, ավելացել են խցանումները, մի քանի անգամ՝ ճանապարհատրանսպորտային պատահարները: Այս ամենի հետևանքով էլ ավելացել է տրանսպորտային վառելիքի սպառման ծավալը, ինչի արդյունքում օդի աղտոտվածության մակարդակի աճ ունեցանք Երևանում:
Ակնհայտ է, որ հասարակական տրանսպորտի ոչ պատշաճ գործունեությունը վնասարար հետևանքներ է ունենում հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:
Արդյո՞ք իշխանությունները պետք է արձագանքեին այս վիճակին, թե՞ ոչ։
Արդյո՞ք հնարավոր էր հասարակական տրանսպորտը վերը ներկայացված պահանջներին համապատասխանեցնել առանց սակագնային փոփոխությունների, թե ոչ:
Իշխանությունները պարտավոր էին արձագանքել այս վիճակին և ինստիտուցիոնալ լուծումներ տալ, որովհետև այս ամենն ուղիղ ազդեցություն ունի մեր քաղաքացիների բարեկեցության, կյանքի և առողջության պահմանման, ընդհանուր անվտանգության, տնտեսության և մի շարք այլ բնագավառների վրա:
Հնարավո՞ր էր առանց ուղեվարձի որոշակի թանկացման դա անել. համոզված եմ՝ ոչ։ Հնարավոր չէ երեք տասնամյակ շարունակ 100 դրամ ուղևորավարձով ունենալ անվտանգ, կանխատեսելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ, հետևաբար այս բարեփոխումները խիստ անհրաժեշտ են, անգամ՝ շատ ուշացած:
Սիրելի' քաղաքացիներ, մեր բողոքն այժմ չպետք է ուղղված լինի այս ոլորտի բարեփոխումներին. տասնյակ տարիներ բարեփոխումներ չեն արվել, որովհետև խուսափել են քաղաքական կապիտալ կորցնելուց։ Մենք պետք է վերահսկենք, որ բարեփոխումները հնարավորինս արագ ծառայեն իերենց նպատակին, պետք է վերահսկենք, որ հասարակական տրանսպորտը կարճ ժամանակահատվածում դառնա ԱՆՎՏԱՆԳ, ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ, ՀՆԱՐՎՈՐԻՍ, ՄԱՏՉԵԼԻ, ԱՐԱԳՇԱՐԺ Ու ՀԱՐՄԱՐԱՎԵՏ:
Այս բարեփոխումների ակնկալվող արդյունքն այնպիսի հասարակական տրանսպորտային համակարգ ունենալն է, որ գրեթե բոլորը հնարավորություն և ցանկություն ունենան օգտվել դրանից: Որևէ մեկը չպետք է ճարահատյալ մեքենա գնի, որպեսզի իր զավակը գոնե անվտանգ ու ճիշտ ժամանակին կարողանա դասի գնալ:
Մենք պետք է ունենանք այնպիսի հասարակական տրանսպորտ, որ ավտոմոբիլ ունեցողներն էլ առավելագույնս օգտվեն դրանից, որ այն հարմարավետ և նպատակահարմար դառնա սոցիալական բոլոր շերտերի, այլ ոչ թե՝ միայն խոցելի խավի մեր քաղաքացիների կամ ավտոմեքեա չունեցողների համար:
Այսպիսի բարեփոխումը իշխանության համար առաջնային փուլում ուղեկցվում է քաղաքական կապիտալի զգալի կորստով, այնուամենայնիվ իշխանություններն անգամ այդ կորստի գնով նախընտրել են բարեփոխումների ճանապարհը՝ տրանսպորտի հարցը գնահատելով առավել կարևոր, քան քաղաքական կապիտալը:
Սիրելի՛ հայրենակիցներ, պետք է ոչ թե ընդդիմանալ բարեփոխումներին և քաղաքական տարբեր հոսանքների համար սնվելու միջավայր ստեղծել, այլ պահանջել իշխանություններից, որ բարեփոխումները հնարավորինս արագ լինեն, ինչի արդյունքում պետք է ունենանք անվտանգ, կանխատեսելի, արագընթաց, մատչելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ։ Իսկ եթե այս փոփոխությունները չհանգեցնեն նշածիս, ապա ինքս էլ հնարավոր միջոցներով կպայքարեմ արդյունքների համար։