«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․
«Ինձ տեղեկացրին, որ Քաղաքագետների միության նախագահ, հարգարժան Հմայակ Հովհաննիսյանը անդրադարձել է իմ գրառումներից մեկին և պահանջել պարզաբանումներ գրառման մեջ նշված դերակատարներից։ Հուսամ՝ հարգարժան Հմայակ Հովհաննիսյանը կստանա իր ակնկալած պարզաբանումները։
Մինչդեռ, թույլ տվեք միջանկյալ մի հարց ուղղել պրն. Հովհաննիսյանին. ինչպե՞ս ստացվեց, որ 1998-ին Կարեն Դեմիրճյանի անխոնջ պաշտպան Հմայակ Հովհաննիսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո՝ 2003թ․ նախագահական ընտրությունների ընթացքում, ոչ միայն չաջակցեց միակ ընդդիմադիր ֆավորիտ Ստեփան Դեմիրճյանին՝ Կարեն Դեմիրճյանի որդուն, այլև սատարեց նրա «ընդդիմադիր» հակառակորդ Արտաշես Գեղամյանին։
Իսկ Արտաշես Գեղամյանն էլ, նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, ի տարբերություն Արամ Կարապետյանի, հրաժարվելով աջակցել Ստեփան Դեմիրճյանին՝ նախագահի պաշտոնը «նվիրեց» Ռոբերտ Քոչարյանին։ Եվ վերջապես, ինչպե՞ս ստացվեց, որ նույն 2003թ․ մայիսին Հմայակ Հովհաննիսյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր ոչ թե Ստեփան Դեմիրճյանի գլխավորած դաշինքի, այլ հենց Արտաշես Գեղամյանի առաջնորդած «Ազգային միաբանություն» կուսակցության շարքերից»։