«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․
«Քանի որ այսօր ամենակարևոր և ակտուալ թեմաներից մեկը կապված է Մեղրիի հետ, ուզում եմ պատմել ինձ հետ տեղի ունեցած մի դրվագի մասին։
2003 թվականի փետրվար ամսին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, Միացյալ Նահանգներից վերադարձա Հայաստան և միացա ընդդիմության միասնական նախագահական թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական աշխատանքներին։ Ավելի վաղ սերտ հարաբերություններ էի հաստատել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Պարբերաբար Հայաստան այցելելիս՝ նրա գրադարանի համար քաղաքագիտական և պատմագիտական գրքեր էի բերում։
Նախընտրական շրջանում սկսեցի Տեր-Պետրոսյանի հետ ինտենսիվ քննարկել որոշ մարտավարական քայլեր, որոնք կարող էին ապահովել Ստեփան Դեմիրճյանի հաղթանակը Քոչարյանի նկատմամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանն անգնահատելի տեղեկություններ էր փոխանցում ինձ, և ես դրանք խնամքով փոխանցում էի Ստեփան Դեմիրճյանին։ Այսպիսով, Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հարաբերություններս ինձ դարձրին Դեմիրճյանի և նրա միջև կապ ապահովող անձ։ Այդ փուլում Տեր-Պետրոսյանի տրամադրած ներքին տեղեկատվությունն անգնահատելի արժեք ուներ։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում պետք է տեղի ունենար Ստեփան Դեմիրճյանի և Ռոբերտ Քոչարյանի հեռուստաբանավեճը։ Այդ օրը Տեր-Պետրոսյանն իր օգնականի միջոցով ինձ հանդիպման կանչեց իր առանձնատուն և հանձնեց մի գաղտնի փաստաթղթի կրկնօրինակ, որը բացահայտում էր Քոչարյան-Օսկանյան տանդեմի կողմից արդեն կայացված որոշումը, համաձայն որի Հայաստանը պատրաստվում էր Մեղրիի ամբողջ շրջանը փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ։
Փաստաթուղթը, ԵԽ նախարարների խորհրդում քննարկված քարտեզով, մանրամասն նկարագրում էր այդ փոխանակման մեխանիզմը։ Ես խնամքով փաստաթուղթը հասցրի Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբ, նրա հետ առանձնացա իր հանգստի սենյակում և փոխանցեցի Տեր-Պետրոսյանի բառացի հանձնարարականը։
Տեր-Պետրոսյանը խորհուրդ էր տվել, որ Դեմիրճյանը բանավեճի ընթացքում Քոչարյանի հետ ոչ մի պոլեմիկայի մեջ չմտնի, չքննարկի տնտեսություն կամ որևէ այլ հարց՝ բացի այս մեկից։ Նա հորդորել էր հրապարակայնորեն ցուցադրել քարտեզը և հայտարարել․ «Ահա ապացույցը, որ Քոչարյանը մտադիր է եղել Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ։ Այսպիսի փաստաթղթի հեղինակին ես ոչինչ չունեմ ասելու և ոչ մի բանավեճի կարիք չեմ տեսնում»։
Ստեփան Դեմիրճյանը փաստաթուղթը ցույց տվեց շտաբի պետ Ալբերտ Բազեյանին՝ Հանրապետություն կուսակցության հիմնադիր անդամին։ Սակայն վերջինս քարտեզը պատռեց և արգելեց Դեմիրճյանին բանավեճի ժամանակ որևէ կերպ հիշատակել այս հույժ գաղտնի փաստաթուղթը՝ ուղեկցելով իր պահանջն ամենավերջին անվանարկումներով։
Հետո տեղի ունեցավ հայտնի հեռուստաբանավեճը, տեղի ունեցան «ընտրությունները»՝ հայտնի ելքով: Շատ ավելի ուշ՝ Հանրապետություն կուսակցությունից հեռանալուց հետո, պարզվեց Ալբերտ Բազեյանի այդ պահվածքի իրական պատճառները։ Այսօր առավել ևս ամեն ինչ իր տեղն է ընկել»։