ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բանկային գաղտնիքի մասին․ եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ: Նման բան չկա։
- Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:
- Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:
- Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:
- Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:
- Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:
Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը): Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:
Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ: Մի հավատացեք ապատեղեկատվությանը»։