«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․
«Հայաստանը ոչ միայն չպետք է շնորհավորի Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, այլև պետք է պաշտոնապես հայտարարի, որ չի ճանաչում դրա լեգիտիմությունը՝ հաշվի առնելով Բելառուսի իշխանությունների բռնապետական բնույթը և միջազգային նորմերի կոպիտ խախտումները։ Հայաստանում Բելառուսի դեսպանը պետք է հայտարարվի persona non grata և տրվի 24 ժամ՝ Հայաստանի տարածքը լքելու համար։
Այսպիսի քայլը կլինի տրամաբանական շարունակությունն այն քաղաքականության, որը Հայաստանը նախապես հայտարարել էր՝ իջեցնելով հարաբերությունների մակարդակը Բելառուսի հետ։ Տեր կանգնել սեփական հայտարարություններին՝ նշանակում է ապահովել Հայաստանի պետական դիրքորոշման կշիռը և պաշտպանել երկրի արժանապատվությունը։
Բելառուսի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ բացահայտ ցուցադրեց Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք՝ մանիպուլացնելով իրավիճակը և օգտագործելով անհիմն հայտարարություններ։ Այս պահվածքը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական տեսանկյունից է անընդունելի։
Հայաստանը պետք է անհապաղ նախաձեռնի հարաբերությունների նվազագույն մակարդակի սահմանում Բելառուսի հետ, եթե ոչ՝ ամբողջական դիվանագիտական կապերի խզում, քանի դեռ այդ երկրի ղեկավարը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրությանը, իրական և անիրական դաշնակիցներին՝ ընդգծելով, որ Հայաստանը չի հանդուրժի դաշնակցային պարտավորությունների խախտում և սադրանքներ։
Այս քայլերն, ի լրումն, կհաղորդեն Հայաստանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ազգային շահերը, արժանապատվությունը և ինքնիշխանությունը, անկախ որևէ արտաքին ճնշումից կամ մանիպուլյացիայից։ Հայաստանը պետք է օրինակ լինի դիվանագիտական ուժեղ և սկզբունքային քաղաքականություն վարելու գործում»։