Տեսակետ

«Ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին ուշագրավ է»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է, ուշագրավ, եւ ըստ իս բավականին նուրբ տողատակեր պարունակող:

Ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվել ավելի վաղ, ըստ իս, պայմանագիրը թերեւս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին:

Այստեղ է համապարփակության խնդիրը, որովհետեւ, դատելով Պուտինի եւ Փեզեշկիանի՝ թե հանդիպման բացման ելույթներից, թե հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում հնչած հայտարարություններից, գործնական առումով հարց է՝ Իրանն ու Ռուսաստանը միմյանց ավելի շատ վստահու՞մ են, թե՞ ունեն անվստահություն:

Բայց, խոշոր հաշվով, դա բնորոշ է թերեւս բոլոր խոշոր խաղացողների միջեւ փոխհարաբերություններին: Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, գործընկերային, առավել եւս ռազմավարական գործընկերային կամ դաշնակցային բնույթ են ստանում այսպես ասած եզակի ընդհանուր խորքային շահերի հիմքով, այլ ոչ թե լիակատար փոխհամաձայնության:

Պայմանագրի ստորագրումը, ըստ այդմ. ոչ թե ռուս-իրանական լիակատար փոխհամաձայնության, այլ հենց այդ մի քանի հիմնարար հարցերում փոխըմբռնման եւ խորքային շահի արձանագրման ամրապնդման դրսեւորում է, որտեղ պայմանագիրը լինելու է մնացյալ հարցերում անհամաձայնություններն ու անվստահությունները կառավարելու հաստատուն եւ ընդգրկուն մեխանիզմ»։