Տեսակետ

Մեր հայրենակիցների փրկությունը պետք է դառնա առաջնահերթ խնդիր․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․

2011-ին Հայաստանից առաջին լրագրողն էի, որ այցելում էր Սիրիա՝ պատերազմի սկզբնավորումից ի վեր: Այդ օրերին համարյա ոչ ոք չէր հավատում, որ Դամասկոսը կարող է ընկնել, իսկ Բաշար Ասադը՝ լքել երկիրը: Հայերը խորապես վստահում էին Պուտինին և նրա «ամենակարող ուժին»՝ համոզված լինելով, որ Ռուսաստանը Սիրիան չի հանձնի:

Արաբական գարնան զարգացումները միանգամից ակնհայտ էին դարձնում իրավիճակի, նմանօրինակ զարգացումների անխուսափելիությունը: Հալեպը և այլ հայաշատ քաղաքներ աստիճանաբար ընկղմվում էին անորոշությունների ու անկայունության մեջ: Չնայած տեղի անկրկնելի հարուստ հայկական ժառանգությանը՝ եկեղեցիներին, դպրոցներին, ծերանոցներին և այլ հավաքատեղիներին (առաքելական, կաթոլիկ և բողոքական), մեր հիմնական նպատակը պետք է լիներ հայ մարդու փրկությունը:

Տեղեկանալով մեր նպատակի մասին, դաշնակցական կառույցները Սիրիայի հատուկ ծառայություններին զգուշացրել էին՝ մեր խմբին անընդհատ բերման ենթարկել՝ խոչընդոտելով համայնքի ավելի մեծ հատվածների հետ հանդիպելու ու շփվելու հնարավորությունը: Այդուհանդերձ, Հալեպի ռամկավար/ՀԲԸՄ և հնչակյան կուսակցությունների տեղական մարմինների աջակցությամբ մենք կարողացանք մեր առաքելությունը գոնե մասնակիորեն կատարել:

Այն ժամանակ Հայաստանի իշխանությունները՝ Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, սիրիահայերին հայրենիք տեղափոխելու ցանկացած փորձ համարում էին դավաճանություն: Այսօր արդեն բախվում ենք Հալեպում մոտ տաս հազար հայրենակիցների տարհանման անհրաժեշտությանը: Անորոշ է մնում այլ քաղաքներում, այդ թվում՝ Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցների ճակատագիրը:
2019-ին Հայաստանի ներկա իշխանությունները նշանակալի ջանքեր գործադրեցին՝ կապ հաստատելով Սիրիայի քրդական և ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ բնակվող առավելապես գյուղաբնակ մեր հայրենակիցների հետ:
Այժմ ևս մեր հայրենակիցների փրկությունը պետք է դառնա առաջնահերթ խնդիր:

Անհրաժեշտ է ԱՄՆ-ի միջնորդությամբ կապ հաստատել Սիրիայի քրդերի, և Թուրքիայի աջակցությամբ Սիրիայի ընդդիմադիրների հետ և փորձել դուրս բերել մեր հայրենակիցներին՝ գրավված բնակավայրերից:

Հայաստանը պետք է դառնա հայության համար ամենաանվտանգ ապաստանը: Այլ ելք պարզապես չկա: