Տեսակետ

«Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 6 ամիս հետո». Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող օրինագծին.0

«Երեկ աչքի էի անցկացնում մեր հայրենակիցների արձագանքները ՔՊ խմբակցության պատգամավորների այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին:

Արձագանքները գրեթե ամբողջությամբ դրական էին, ինչը վկայում է այն մասին, որ խնդիրը իրոք հասունացել էր, և այս լուծումը սպասված էր:

Սակայն ինձ զարմացրեց մեկ այլ բան:

Մեծ թվով օգտատերեր, այս նախաձեռնությունը ողջունելով, կոչ էին անում օրենքով արգելել նաև ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին:

Սիրելի հայրենակիցներ, ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին վաղուց ԱՐԳԵԼՎԱԾ է: Եթե նկատում եք նման երևույթներ, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել պատկան մարմիններին, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաների առողջությանը:

Ինչ վերաբերում է էներգետիկներին, հիշեցնեմ, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեցինք օրենսդրական փաթեթի, որով.

  • արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին,
  • սահմանափակվում է էներգետիկ ըմպելիքների գովազդը,
  • արգելվում է անչափահասներին ներգրավել էներգետիկ ըմպելիքների արտադրության, գովազդի, առևտրի և նման այլ աշխատանքներում:

Նախագծի հեղինակներն են՝ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանը, Հասմիկ Հակոբյանը:

Նախագիծը առաջին ընթերցմամբ խորհրդարանի հավանությանը կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստում:

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ամբողջական ընդունումից 6 ամիս հետո»: