Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Վրաստանում այսօր չի որոշվում հարցը՝ ԵՄ անդամությո՞ւն, թե՞ ոչ:
Այսօր որոշվում է հարցը, ըստ էության՝ Վրաստանը Կովկասում Թուրքիայի եւ Ադրբեջանի խնամքի՞ն է հանձնվում, թե՞ կառուցվում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան-Պարսից ծոց զուգահեռը՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց զուգահեռի կողքին:
Խորքային, ռազմավարական իմաստով Վրաստանում այսօր վճռվում է այդ հարցը: Այսօր ասածն էլ իհարկե պայմանական է, քանի որ գլխավոր ինտրիգն այն է, թե կլինե՞ն արդյոք հետընտրական զարգացումներ, թե՞ ոչ:
Ինչպես արտահայտվել եմ, Կովկասի որեւէ երկիր չունի ԵՄ «առանձին» անդամ դառնալու իրատեսական հեռանկար: Ավելին, անդամության տեսանկյունից ԵՄ-ին ամբողջ Կովկասը փաթեթով էլ հետաքրքիր չէ, առնվազն քանի դեռ ԵՄ անդամ չի լինի Թուրքիան:
Իսկ Թուրքիան չի լինի, քանի դեռ ԵՄ-ում որեւէ բան կորոշի Ֆրանսիան, նվազագույնը: Եթե իհարկե Ֆրանսիան ինքնիշխան խաղացող է, եւ կամ՝ Ֆրանսիայում կա այդ երկրի շահ հետապնդող «խորքային պետություն»:
Ի դեպ, այդ համատեքստում, տրամաբանությունը հուշում է, որ Ֆրանսիայի շահից չի բխում ռուս-վրացական հակամարտություն կամ պատերազմ: 2008 թվականին Սարկոզիի դերակատարումը ամենևին պատահական չէ: Ֆրանսիան փորձեց միջամտել ու թույլ չտալ, որ այդ պատերազմը անցնի անդառնալիության մի այնպիսի կետ, որը պարզապես տասնամյակներով կբացառեր ռուս-վրացական որեւէ կոմունիկացիա: