Տեսակետ

Այդ հանգամանքը ամենաէականն է լինելու. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իմ տելեգրամյան ալիքում տեղադրել եմ տեսանյութ, որում ԱՄՆ նախկին նախագահ, հարյուրամյա Ջիմմի Քարտերն է՝ սայլակին անշարժ պառկած, իր հարազատներով շրջապատված:

Այդ տեսանյութից ակնառու է, որ մարդը պարզապես շնչում է և ի վիճակի չէ որևէ գործողության:

Բայց ահա, նրա թոռը հայտարարել է, որ հարյուրամյա պապը փոստով քվեարկել է ԱՄՆ նախագահի թեկնածու Կամալա Հարրիսի օգտին: ԱՄՆ ընտրակարգը տալիս է այդ հնարավորությունը՝ ընտրության օրից անգամ մեկ ամիս առաջ քվեարկել փոստով:

Այդ հանգամանքը ամենաէականն է լինելու ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի հարցում, ավելի շուտ՝ արդյունքը հաշվելու հարցում․ փոստով քվեարկությունները: Մեծ հաշվով, նախորդ ընտրությանը հենց դրանք որոշեցին Բայդենի հաղթանակը Տրամպի հանդեպ: Գրեթե չկա կասկած, որ նույնը լինելու է նաեւ այս ընտրությանը, արձանագրելով Հարրիսի հաղթանակը Տրամպի հանդեպ:

Տվյալ պարագայում բուն ինտրիգը, կապված ԱՄՆ նախագահի ընտրության հետ, հետևյալն է՝ Տրամպը այդ դեպքում կտանի՞ իրավիճակը հետընտրական պայքարի, թե՞ ոչ: Եվ նրան հենց դրանից հետ պահելուն են միտված «մահափորձերը» և, անգամ, դրա շարունակվող սպառնալիքները, որպիսին էր, օրինակ, այն տեղեկության նետումը դաշտ, թե Սպիտակ տունն Իրանին զգուշացնում է հանկարծ չփորձել սպանել Տրամպին՝ որպես 2020 թվականին սպանված Ղասեմ Սոլեյմանիի վրեժ:

Անհեթեթ է մտածել, որ այդ վրեժը տենչալու դեպքում Իրանը պետք է սպասեր, որ Տրամպը դառնա ԱՄՆ նախագահի թեկնածու և նոր միայն փորձեր սպանել նրան, երբ թեկնածուի հանդեպ էապես բարձրանալու է անվտանգության ուշադրությունը: Պարզապես, այդ արտահոսքով նշանակվել է «մեղավոր», իսկ մեսիջը հասցեագրվել է Տրամպին:

Կընդունի՞ Տրամպը այդ զգուշացումը: Մեծ հավանականությամբ, այո, ինչի մասին վկայում էր նրա հայտարարությունը, որ չհաղթելու դեպքում երբեք չի առաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու: Թվում է, թե տարիքի բերումով դա տրամաբանական էլ է: Բայց, առավել ևս այդպիսի տրամաբանական բաները բարձրաձայնելու կարիք չեն ունենում և բարձրաձայնվում են որպես այլ տրամաբանությամբ իրողությունների ակնարկ»: