Տեսակետ

Ի՞նչ է սպասվում էլեկտրական մեքենաների (ԷՄ) շուկայում մոտակա 10 տարում. Դանագուլյան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Ի՞նչ է սպասվում էլեկտրական մեքենաների (ԷՄ) շուկայում մոտակա 10 տարում:

Այս թեմայով վերջերս նոր զեկույց է հրատարակել Գոլդման Սաքս (Goldman Sachs) ֆինանսական ընկերությունը: Զեկույցում ասվում է, որ մարտկոցների և համապատասխանորեն էՄ-ների գները շարունակելու են ընկնել, և մինչև 2026 թ․ ԷՄ-ները գնով դառնալու են ավանդական ներքին այրման շարժիչներով մեքենաներին հավասար: Սա հսկայական կերպով փոխելու է աշխարհի էներգետիկ բալանսը. եթե այսօր աշխարհի համարյա բոլոր պետությունները կախված են նավթ ու գազ արտահանող երկրներից՝ իրենց էներգետիկ պահանջների համար, ապա մոտակա 10 տարում այդ կախվածությունը նվազելու է: Որ պատկերացնեք, եթե պետությունները ամբողջովին կամ անգամ մեծամասնությամբ անցնեն ԷՄ-ների, ապա իրենց ներքին միջուկային, արևային ու հողմային էներգիկ ռեսուրսներով կկարողանան ապահովել իրենց տրանսպորտային շրջանառության մեծամասնությունը:

Բայց ոչ միայն: Եթե այսօր արևն ու քամին չեն կարող ամբողջովին փոխարինել նավթ ու գազին, ապա կուտակային տեխնոլոգիաների էժանացման դեպքում դրանք կարող են ստեղծել արդեն լուրջ մրցակցություն: Անգամ եթե մենք պատկերացնենք ցանցին միացված միլիոնավոր ԷՄ-ները, դա արդեն իսկ մի հսկայական էներգակուտակիչ է [իհարկե, սրա համար նաև պետք կլինի լայնացնել և զարգացնել էլեկտրացանցը]:

Այս զեկույցի եզրակացությունը համահունչ է վերջերս Շելլ (Shell) ընկերության հրատարակած զեկույցին, ըստ որի՝ 2025 թվին աշխարհը հասնելու է այսպես կոչված peak oil-ին, այսինքն նավթի առավելագույն պահանջարկին (որից հետո սպասվում է պահանջարկի նվազում):

Ամեն դեպքում սա շատ լավ նորություն է մոլորակի և մարդկության համար, և միաժամանակ վատ նորություն՝ նավթ ու գազի արտահանումներով սնվող Պուծին-Ալիև-ԲինՍալման տարատեսակ բռնապետների համար»: