Տեսակետ

Պայմանավորվածությունը ռումբի պայթյունի էֆեկտ է ունեցել Ադրբեջանում և ընդդիմության շարքերում

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Եկող տարեսկզբից Իրանի հետ սահմանային անցակետում հսկողությունը Հայաստանի ԱԱԾ-ին անցնելու մասին Պուտին-Փաշինյան պայմանավորվածությունը ռումբի պայթյունի էֆեկտ է ունեցել Ադրբեջանում և հայաստանյան ազգային-հայրենասիրական ընդդիմության շարքերում:

Բաքվի շոկը հասկանալի է. այդ քայլով Ռուսաստանը ճանաչում է Սյունիքի և Իրանի հետ սահմանի նկատմամբ Հայաստանի պետական, ամբողջական իրավազորությունը: Իսկ հայաստանյան ազգային-հայրենասիրական ընդդիմությունն ինչու՞ է աղմկում: Այսքան տարի խոսում էին Իրանի հետ հարաբերությունների խորացման մասին, բայց պարզվում է՝ դա առանց Ռուսաստանի «հայրական» ներկայության չեն պատկերացնում:

Եվ հնարել են, որ անցակետում կարող են «ամերիկացի խորհրդատուներ» հայտնվել ու զայրացնել Իրանին: Իսկ եթե Իրանը զայրանա՜... Նախ, Հայաստանի սահմանապահ զորքերում ի՞նչ պիտի անեն ամերիկացի խորհրդատուները: Երկրորդ, մենք Նադիր շահի ժամանակներում չենք ապրում, որպեսզի հետախուզական տվյալներ հավաքագրելու համար որևէ երկիր մյուսի սահմանին «աչքեր պահի»: Եվ, վերջապես, նույն Իրանն ինչու՞ Ադրբեջանի վրա չի զայրանում, երբ իր սահմանից 50 մ հեռավորության վրա Իսրայելը նորագույն տեխնոլոգիաներով գյուղատնտեսական ձեռնարկություններ է հիմնադրում»: