«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարի վերաօծումը բացառիկ և խորհրդանշական իրադարձություն է։ Այն ոչ միայն մեր հոգևոր, այլև մեր համազգային ինքնության և հիշողության կենտրոնն է։ Էջմիածնի տաճարը, որի արմատներն անցնում են դարերի խորքերով՝ ավելի հին լինելով, քան Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալը, եղել է մեր հավատի, միասնության և տոկունության վկա: Տաճարը տեսել է բազմապիսի փորձություններ, ներխուժումներ, ավերածություններ, թե ներսից և թե դրսից, սակայն յուրաքանչյուր դժվարության դիմացել է՝ մնալով ամուր, անխորտակ և անմահ, ինչպես մեր ինքնության պահապանը:
Դարերի ընթացքում տաճարին բազմիցս դավաճանել են թե՛ հոգևորականները, թե՛ աշխարհականները, բայց տաճարը հառնել է՝ որպես փյունիկ, ներկայացնելով մեր ազգի տոկունությունը, վերածննդի և հավատարմության խորհրդանիշը: Այսօր, երբ Հայաստանն ու սփյուռքը միմյանց կարոտով են լցված, երբ մեր երկիրը երկփեղկված է և մարտահրավերների առջև, այս վերաօծումը միասնության, հավատքի և ուժի վկայությունն է։ Մենք բոլորս, աշխարհի տարբեր անկյուններից, միավորվել ենք հոգևոր կենտրոնի շուրջ, շունչը պահած սպասելով Տաճարի վերաօծմանը, որը դառնում է համազգային զարթոնքի, վերականգնման և մեր ինքնության վերագնահատման խորհրդանիշ:
Տաճարի ներսում հնչող մյուռոնի օրհնությամբ թող վերանորոգվի մեր հոգևոր կապը, թող տրվի ներողամտության, հանդուրժողականության և համերաշխության պատգամը, որը գալիք սերունդներին կպատմի մեր հարատևության, տոկունության և վերածննդի անսասան պատմությունը: Այս վերաօծումը ոչ միայն տաճարի, այլև մեր հոգևոր և ազգային կյանքի վերածնունդն է, այն համերաշխության, սիրո, և հույսի ուղերձ է բոլորիս համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարը վերածնվում է՝ հաստատելով, որ մեր հավատքը և ինքնությունը անմահ են և անսասան:
Լուսանկարը վսեմաշուք Էջմիածնի տաճարից՝ Վարդգես Մանուկյանի»։