Տեսակետ

Մեզ լուրջ դեմքով Ալեքսանդրապո՞լ է պետք միայն. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մեզ լուրջ դեմքով Ալեքսանդրապո՞լ է պետք միայն։

Հայ քաղաքական մտքի պրիմիտիվությունը սահման չունի:

Լրատվամիջոցները լեցուն են Փաշինյանի և Էրդողանի՝ Նյու Յորքի Թուրքական տան նկարով, որտեղ Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետին իր գիրքն է նվիրում:
Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց լրջությունն ու խորությունը իմ մոտ կասկած չէր առաջացնում, ստիպել տվեցին ինձ համոզվել, որ նրանք նույնպես պրիմիտիվ են, ցավոք:

Ինձ էլ դուր չի գալիս, երբ Փաշինյանը լայնորեն ժպտում է Էրդողանին, որը 2020-ին օգնել է Ադրբեջանին, և որի նախնիները ցեղասպանություն են իրականացրել: Հավանաբար, պետք է ավելի զուսպ լինել:

Բայց ես Փաշինյանին մեղադրում եմ ոչ թե Թուրքական տուն գնալու, լայն ժպտալու կամ Էրդողանին հանդիպելու մեջ, այլ, որ 2020-ի աղետալի պատերազմից առաջ իր ձախողակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Թուրքիային սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանից...

Երևանից Անկարային սպառնում էին, թե՝ թուրքեր, Միջերկրականում ձեզ խելոք պահեք... Հասկանում ե՞ք արտաքին քաղաքականության ձախողման ծավալները:
Ոչ մի քաղաքական ուժ ծպտուն չհանեց այդ անթույլատրելի հայտարարության համար, չդատապարտեց Փաշինյանի ու Մնացականյանի հերթական արկածախնդրությունը:
Մի հատ էլ արտգործնախարար ուներ՝ Արա Այվազյանը, որը 2020-ի արհավիրքից հետո գնացել էր Մոսկվա, Լավրովի կողքը կանգնել ու սպառնալիքներ էր հնչեցնում Թուրքիայի հասցեին: Մոսկվայից՝ Լավրովի կողքին կանգնած: Մեր Լավրովի:

Այստեղ դնում եմ նաև Սերժի ու Գյուլի, Քոչարյանի ու Ալիևի երջանիկ նկարները:
Վայելեք վաղ առավոտյան՝ դառը սուրճի հետ:

Իսկ եթե ուզում եք փաստաթղթեր, թե ինչպես են թուրքերը մեզ ստորացրել 100 տարի առաջ հարյուրավոր անգամներ, գրեք ինձ անձնական նամակներով, լիքը բաներ կուղարկեմ»...