Տեսակետ

Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ երկու դեպքում. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ երկու դեպքում.

ա/ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս:

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, մինչև խորհրդարանական նոր ընտրություններ հրաժարական չի տալու:

բ/ Մոսկվան հեղաշրջում է իրականացնում Հայաստանում և իշխանության բերում իր ցանկալի ուժին:

Քիչ հավանական է, որ Մոսկվան նման բան անի, քանի որ Բաքվի և Անկարայի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին պետք է հենց այնպիսի առաջնորդ, ինչպիսին Փաշինյանն է, որպեսզի արդարացնի իր անգործությունը Հայաստանի հետ պաշտպանական պայմանագրերը չկատարելու հարցում: Ստեղծվում է մթնոլորտ ու ընկալում, թե իբր Փաշինյանը արևմտամետ է, այդ պատճառով ի՞նչ անի խեղճ Ռուսաստանը, որ չի կարող աջակցել Հայաստանին:

Արդեն սկսվել է խորհրդարանական նոր ընտրարշավը, որն արտահայտվում է արևմտամետներ-ռուսամետներ պայքարով:

Երկուսն էլ Հայաստանի փրկությունը տեսնում են դրսից:

Երկուսից մեկը Հայաստանը տանում է ԵՄ, մյուսը՝ ԽՍՀՄ-2:

Սա, անշուշտ, խորը վերլուծության թեմա է, այս պահին նկատելի է, որ մի շարք կուսակցություններ և գործիչներ, որոնք խորը և երկար համագործակցել են ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հետ, սկսել են անխնա քննադատել գործող իշխանություններին:

Արդյո՞ք դա նրանց բերելու է հավելյալ քվեներ:

Երկար տարիներ ու տասնամյակներ մեր ընդդիմադիրները ընտրարշավը կառուցել են գործող իշխանություններին քննադատելով, այդ թվում՝ նաև երկար տարիների ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանին հաջողվեց տասնյակ հազարներ դուրս բերել փողոցներ, որովհետև մարդիկ մերժում էին Սերժին:

Արդյո՞ք այդ մարտավարությունը կաշխատի նաև գալիք ընտրություններում:

Միանշանակ չէ»: