Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Ես չեմ գնա վերջին տարիներին ընդունված ու «գայթակղիչ» դարձած ճանապարհով, երբ հայտարարվում է մեկ մեղավոր՝ Փաշինյան, և վերջ: Դա ինքնախաբեություն է կամ հանրությանը խաբելու փորձ, թե ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց Փաշինյանով:
Այո, դա նույնպիսի խաբեության փորձ է, ինչպիսին անում է Փաշինյանն ու նրա թիմը՝ ասելով, թե ամեն ինչ դեռ 1991-ից, 96-ից կամ 2016-ից էր վճռված, կամ որ Շահրամանյանը հանձնեց Արցախը, և այլն:
Այն կերպը, որով ապրել են Հայաստանն ու Արցախը առաջին պատերազմի հաղթանակից հետո, եղել է «կյանք՝ այդ հաղթանակի հաշվին»:
Կհնչի տարօրինակ, բայց այսօր համարձակություն պահանջում է ոչ թե Փաշինյանի թուրք կամ դավաճան ասելը, այլ պատմա-քաղաքական մեր հետագծին նայելն ու դրա կառավարման ընթացքում թույլ տված խորքային, շատ դեպքերում՝ հանցավոր սխալները, բացթողումները խոստովանելը:
Եվ պետք չէ այդ հանգամանքին հակադարձել Փաշինյանի պոպուլիստական հնարքներից հետ չմնացող այլ հնարքով, թե այդպես ասելը նշանակում է ասել, որ «սաղ էդ նախկիններն են մեղավոր»: Բացարձակապես:
Բայց նույն կերպ ասելը, թե «սաղ ներկաներն են մեղավոր», ոչ պակաս մանիպուլյատիվ բանաձև է: Ընդգծեմ՝ խոսքն Արցախի ճակատագրի մասին է:
Մեղավոր ու պատասխանատու են բոլորը, որքան էլ այսօր այդ պատասխանատվությունը փորձեն գլորել միմյանց վրա՝ օգտագործելով հանրային էմոցիաները:
Բայց որպես հանրություն՝ մենք պետք է փորձենք հնարավորինս հանգամանալից քննարկել հետագիծը՝ հասկանալու, թե ինչ կատարվեց, և ինչ է շարունակում կատարվել: Որովհետև «մեղավոր ու պատասխանատու են բոլորը» արտահայտությունը ևս վերացական է: Դա չի կարող լինել պատասխան: Դա ընդամենը կարող է զգայականության վրա հիմնված մանիպուլյացիաների դեմ որոշակի իմունիտետ լինել:
Բայց մեզ պետք են պատասխաններ, պետք է հնարավորինս ընդգրկուն ու խորը մոտենալ պատճառներին: Այլապես, «բոլորի մեղավորության» արձանագրումը պարունակում է մեղքի ու պատասխանատվության համահարթեցման ռիսկ: Իսկ դա ոչ պակաս վտանգավոր է՝ ամեն ինչ հնձել և հավասարեցնել գազոնի նման՝ դա համարելով հարցերի պատասխան:
Կենսունակության, դիմադրունակության, վերափոխման կայուն մակարդակի դուրս գալու համար մենք պետք է կարողանանք խորապես ուսումնասիրել անցնող երկու-երեք տասնամյակի իրադարձությունների շղթան, դրանց կապը կամ հակադրությունները, հասկանալ, թե ինչ եղավ 1998-ին, 2008-ին, 2013-ին, 2016-ին, 2018-ին, եւ հետո:
Համենայն դեպս, ես գերադասում եմ աշխատել այդ ուղղությամբ՝ հասկանալու համար տեղի ունեցածի պատճառներն ու մոտիվները, դրանց ձևավորման ու հասունացման փուլերը, որքան էլ այդ աշխատանքի տարբեր փուլերում կարող եմ հայտնվել թե այս, թե այն քաղաքական ճամբարի թիրախում»: