Թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բաքվում տեղի ունեցավ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի կառուցման հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցեցին Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը, Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը։
Այն ժամանակ ակնկալվում էր, որ ԲԹՋ-ի կառուցումը կարժենա 2․9 միլիարդ դոլար, և խողովակաշարով տարեկան կփոխադրվի մինչև 50 միլիոն տ նավթ։ 1768 կմ երկարությամբ խողովակաշարը, որն իր ճանապարհին հատում է 1500 գետ, գետակ, հեղեղատ, շահագործման հանձնվեց արդեն 2006թ․ հուլիսին։ Դա համընկավ նավթի համաշխարհային բարձր գների հետ։
ԲԹՋ-ի արդեն բացման արարողակարգին մասնակցեցին Ահմեթ Նեջդեթ Սեզերը, 2003թ․ Վրաստանում ու Ադրբեջանում իշխանության եկած Միխեիլ Սաակաշվիլին ու Իլհամ Ալիևը, Թուրքիայի վարչապետ դարձած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության էր եկել ԲԹՋ-ի կառուցման մեկնարկից մոտ 1․5 ամիս անց և այլք։
Ի դեպ, աշխարհիկ հայացքներով Սեզերը Թուրքիայի ներքաղաքական կյանքում սկսում է շարունակ կոնֆլիկտներ ունենալ Էրդողանի թիմի հետ։ Սեզերը միակ մարդն է Թուրքիայում, ով եղել է թե՛ այդ երկրի նախագահ, թե՛ այդ երկրի բարձրագույն դատական մարմնի՝ ՍԴ-ի նախագահ։
2021թ․ սեպտեմբերին Anadolu լրատվական գործակալությունը հայտնեց, թե 2006թ․-ից ԲԹՋ-ով փոխադրվել է 3․7 միլիարդ բարել նավթ (Ջեյհանի նավահանգստում նավթով բեռնվել է 4847 լցանավ), և որ «Դարի գործարքը» Ադրբեջանին բերել է 150 միլիարդ դոլար։ 2024թ օգոստոսի դրությամբ ԲԹՋ-ով տեղափոխված նավթի ծավալը կազմել է 576 միլիոն տ (4.3 միլիարդ բարել), որով «թուրքական Ռոտերդամ» Ջեյհանում բեռնվել է 5707 լցանավ։
Ավելորդ է ասել, թե այս նավթամուղի կառուցումը տնտեսական ու աշխարհաքաղաքական ինչպիսի դիվիդենտներ բերեց Ադրբեջանին, ինչն իր արտացոլումը գտավ նաև նրա սպառազինման տեմպերի ու որակի վրա։ ԲԹՋ-ին, Թուրքիայի ու նաև Ադրբեջանի նավթագազային ու լոգիստիկ նախագծերին լայն անդրադարձ կա այս տարի հրատարակածս հոդվածների ժողովածուի Գ հատորում։
Իսկ Սեզերի ու Էրդողանի թիմի կռիվները որոշակի արտացոլված են Բ հատորում։ Այս հատորների հղումները՝ մեկնաբանությունների բաժնում։ Այնտեղ կդնեմ նաև Anadolu-ի վերոնշյալ հղումը»։