Ժամանց

Որքանո՞վ են ուրվականներն իրական

Աշխարհի տարբեր մշակույթներ հակված են հավատալ գերբնական էակների գոյությանը, որոնք կամ մահից հետո շարունակում են ապրել այլ աշխարհներում (ուրվականներ, հոգիներ), կամ ի սկզբանե հանդիսանում են անդրաշխարհյան էակներ (դևեր, ոգիներ, հրեշտակներ և այլն):

Անբացատրելի մատերիաների և գերբնական էակների շարքում ուրվականներն ամենատարածված պարանորմալ երևույթներից են։ Տարբեր հարցումների համաձայն՝ մարդկանց մոտ կեսը հավատում է նրանց գոյությանը։

Ըստ 2015թ․ Pew Research-ի իրականացրած ուսումնասիրության՝ մարդկանց մոտ 18%-ը պնդում է, որ տեսել է ուրվական կամ զգացել նրա ներկայությունը:

Ինչու՞ են մարդիկ այդքան վստահ այս հարցում

Տարածված պատճառներից մեկը կարող է լինել պարեյդոլիան՝ երկիմաստ ազդակներում օրինաչափություն գտնելու և պատկեր ստանալու՝ ուղեղի հակվածությունը, հատկապես, մարդկային դեմքեր և ֆիգուրներ: Օրինակ, ամպերի մեջ մարդը երբեմն ուրվագծում է դեմքեր կամ այլ պատկերներ, իսկ մութ տան պատահական ֆորմաներն ու ստվերները նմանեցնում ուրվականների:

Այն միտքը, որ մահացածները շարունակում են «ապրել» որպես ուրվականներ, շատ հին է և կարելի է գտնել անթիվ պատմություններում՝ սկսած Աստվածաշնչից: Այն նույնիսկ առաջացրել է հատուկ բանահյուսական ժանր՝ ուրվականների պատմություններ։

Մարդիկ դարեր շարունակ փորձել են շփվել հանգուցյալների հոգիների հետ։ Վիկտորիանական Անգլիայում մոդայիկ էին սպիրիտիզմի սեանսերը: Հայտնի համալսարաններում, այդ թվում՝ Քեմբրիջում և Օքսֆորդում, ուրվականների ակումբներ կային, որոնք նվիրված էին անդրաշխարհի գոյության ապացույցների որոնմանը։ 1882թ․ այս ոլորտում ամենահայտնի կազմակերպությունն էր հոգեկան հետազոտությունների միությունը: Ամերիկայում 1800-ականների վերջին շատ էքստրասենսներ պնդում էին, որ խոսում են մահացածների հետ, բայց հետագայում նրանք բացահայտվեցին որպես խարդախներ:

Լեդի Բրաունի ենթադրյալ ուրվականի լուսանկարն՝ արված 1936թ․։ Համարվում է, որ Դորոթի Թաունշենդն ապրել է անգլիական Նորֆոլկում՝ 1700-ականներին

Լեդի Բրաունի ենթադրյալ ուրվականի լուսանկարն՝ արված 1936թ․։ 
Համարվում է, որ Դորոթի Թաունշենդն ապրել է անգլիական Նորֆոլկում՝ 1700-ականներին

Ուրվականներին գիտականորեն գնահատելու դժվարություններից մեկն այն է, որ դրանց են վերագրվել երևույթների զարմանալիորեն լայն շրջանակ՝ սկսած դռան անսպասելի փակվելուց մինչև մահացած հարազատի դեմքը տեսնելը: Բացի այդ, կան բազմաթիվ երևույթներ, որոնք նպաստում են նրան, որ մարդիկ սկսեն հավատալ ուրվականների հայտնվելուն, օրինակ՝ քնային կաթվածը։

Անձնական փորձը մի բան է, գիտական ​​ապացույցները՝ բոլորովին այլ: Ուրվականների հետազոտության դժվարություններից մեկն այն է, որ չկա մեկ ընդունված սահմանում, թե ինչ են դրանք: Ոմանք կարծում են, որ դրանք մահացածների հոգիներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով «մոլորվում» են անդրաշխարհ գնալու ճանապարհին, մյուսները պնդում են, որ ուրվականները տելեպատիկ սուբյեկտներ են, որոնք նյութականացվում են մեր մտքերից, որոշներն էլ վստահ են, որ դրանք մարդկանց հոգիների հետ կապ չունեն, ու մեզ հետ «կատակում» են չար ուժերը՝ դևերը: Տեսիլքների, ուրվականների ու այլ անբացատրելի երևույթների պարանորմալ ակտիվությանը սովորաբար տալիս են «պոլտերգեյստ» միասնական անվանումը։

Բայց վերադառնանք տրամաբանությանը։ Օրինակ, ուրվականները նյութակա՞ն են, թե՞ ոչ։ Մարդկանց պատկերացմամբ՝ նրանք կարող են անցնել պատերի միջով՝ առանց դրանք վնասելու, ինչպես նաև ֆիզիկական ուժի գործադրմամբ շրխկացնել դռները, վնասել մարդկանց կամ առարկաներ նետել տան մեջ: Բայց, ըստ տրամաբանության և ֆիզիկայի օրենքների, նրանք կարող են անել կամ մեկը, կամ մյուսը, բայց ոչ այդ բոլորը՝ միաժամանակ։

Բացի այդ, եթե ուրվականները «թափանցիկ» են, ինչպե՞ս են կարողանում հագնել այնպիսի պարագաներ, ինչպիսիք են գլխարկ, թիկնոց, վերարկու ևն:

Հարցերը շատ են․ ուրվականների մասին գրեթե ցանկացած հայտարարություն դրանում կասկածելու տրամաբանական հիմքեր է տալիս։
Գրեթե բոլոր «ուրվական որսացողները» պնդում են, որ իրենք գիտնական են։ Նրանցից շատերն օգտագործում են բարձր տեխնոլոգիական ​​սարքավորումներ, ինչպիսիք են էլեկտրամագնիսական դաշտի և իոնային դետեկտորները, ինֆրակարմիր տեսախցիկները և զգայուն միկրոֆոնները: Այնուամենայնիվ, այս սարքերից և ոչ մեկը իրականում ուրվականներ չի հայտնաբերել. փաստագրված գիտական ​​տվյալներ պարզապես գոյություն չունեն:

Որոշ հետազոտողներ պնդում են, որ ուրվականների գոյությունն ապացուցել չկարողանալու պատճառն այն է, որ պարզապես չկան նուրբ աշխարհները հայտնաբերելու և ֆիքսելու համապատասխան տեխնոլոգիաներ: Բայց, մյուս կողմից, եթե ​​ուրվականները գոյություն ունեն և հայտնվում են սովորական ֆիզիկական աշխարհում, դրանք կարող են հայտնաբերվել և գրանցվել լուսանկարներում, տեսագրություններում և ձայնագրություններում: Եթե ​​ուրվականներին հնարավոր չէ գիտականորեն հայտնաբերել կամ ձայնագրել, ապա բոլոր լուսանկարները, տեսանյութերը, աուդիո և այլ ձայնագրությունները, որոնք փաստում են ուրվականների գոյությունը, մտացածին են:

Այսքան հիմնավոր հակասությունների առկայության դեպքում զարմանալի չէ, որ առայժմ որևէ վերջնական ապացույց չի գտնվել:

Լատիշ փիլիսոփա Կոնստանտին Ռաուդիվեի ուրվականի ենթադրյալ զրույցը էլեկտրոնային ձայնի միջոցով

 

Մարդկանց մեծամասնությունը հավատում է ուրվականներին՝ հիմնվելով իր անձնական փորձի վրա: Այնուամենայնիվ, ուրվականների գոյության մասին գիտական ​​փաստարկները միշտ էլ կասկածահարույց են:

Տարածված կարծիք կա, որ Ալբերտ Էյնշտեյնն առաջարկել է ուրվականների գոյության գիտական ​​հիմքը՝ հիմնված թերմոդինամիկայի առաջին օրենքի վրա. եթե էներգիան չի կարող ստեղծվել կամ ոչնչացվել, այլ միայն ձևափոխվել, ի՞նչ է տեղի ունենում մարմնի էներգիայի հետ, երբ նա մահանում է: Կարո՞ղ է այն ինչ-որ կերպ դրսևորվել դրանից հետո:

Պատասխանը շատ պարզ է․ մարդու մահից հետո նրա էներգիան գնում է այն նույն տեղը, որտեղ բոլոր օրգանիզմների էներգիան է գնում մահից հետո՝ շրջակա միջավայր:

Եթե ​​ուրվականներն իրական են և ներկայացնում են դեռևս անհայտ էներգիա կամ էություն, ապա նրանց գոյությունը կհայտնաբերվի և կհաստատվի միայն գիտնականների միջոցով, բայց ոչ՝ ուրվականների որսորդների, որոնք թափառում են լքված վայրերով: