Տեսակետ

Ինչո՞ւ էր Պուտինի հետ Բաքվում բանակցելուց հետո Ալիևը մեկնել Հռոմ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Իլհամ Ալիևը Հռոմում, փաստորեն, պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինան ու Եվրամիությունը դիմել են Ադրբեջանին՝ Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման հարցում Ռուսաստանի հետ բանակցությանն օժանդակելու համար:

Ըստ էության՝ Պուտինի Բաքու այցից ի վեր բազմիցս գրել եմ այդ մասին, որ այդ այցի մեխը գազային գործարքն է, ու բոլորովին պատահական չէ, որ Ուկրաինայի զինուժի՝ Կուրսկի մարզ մտնելուց հետո է հանկարծ հայտարարվել, որ Պուտինը մեկնում է Բաքու: Կուրսկում ուկրաինացիները գրավել են Սուջայի գազի բաշխիչ կայանը, որն, այսպես ասած, վերջին կետն է Ուկրաինա մտնելուց առաջ:

Պուտինի հետ Բաքվում բանակցելուց երկու շաբաթ անց Ալիևը մեկնում է Հռոմ, որտեղ էլ, փաստորեն, պաշտոնապես հայտնում այդ բանակցության մասին: Սա ընդամենը մի դրվագ է, թե ինչ է նշանակում այսօր աշխարհաքաղաքականություն: Մեծ հաշվով՝ այն միշտ է եղել այդպիսին, բայց այսօր՝ առավել ևս, քանի որ ժամանակակից աշխարհում ֆինանսատնտեսական հոսքերն, ըստ էության, առաջացրել են շատ մեծ շաղկապվածություն:

Հետևաբար, այն հանրություններն ու պետությունները, որոնք կառաջնորդվեն այս պայմաններում «սև-սպիտակ», «չար ու բարի» կամ համանման տրամաբանությամբ, կարող են ընդամենը հայտնվել մի վիճակում՝ հիմարի: Եվ դա լավագույն դեպքում, որովհետև վատագույն դեպքում հայտնվելու են մանրադրամի կարգավիճակում:

Եվ այն, որ մի ուժին կհաջողվի տվյալ հանրության մի մասին համոզել, որ մյուս ուժն էր մեղավոր դրա համար, իսկ այդ մյուսին կհաջողվի տվյալ հանրության մեկ այլ մասի համոզել՝ որ հենց այն մյուսն էր դրա համար մեղավոր, ըստ էության՝ ոչ մի կերպ հետ չի բերելու մանրադրամացվելու հետևանքով եղած կորուստները»: