Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսաստանի արտգործնախարարը և նրա մամուլի խոսնակը, նաև՝ այլ ռուս պաշտոնյաներ, երբեմն նաև՝ Պուտինը, անդադար խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է Արաքսի ափով ճանապարհ տրամադրի Ադրբեջանին, որպեսզի վերջինս կապվի Նախիջևանի հետ:
2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, անկասկած, ասում է, որ այդ ճանապարհը մենք պետք է տանք, որը պիտի վերահսկեն ռուսական հատուկ ծառայությունները/ուժայինները:
Այսպիսով, Ռուսաստանի համար կարևոր չէ, որ չկա Արցախը, ոչ մի հայ չի մնացել Արցախում, նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս բոլոր 8 կետերը ամենակոպիտ կերպով ոտնահարվել են, կարևորն այն է, որ Ադրբեջանը և Նախիջևանը անխոչընդոտ կապ ունենան:
Ես հասկանում եմ և շատ բնական, տրամաբանական ու արդարացի եմ համարում այն քննադատությունների տարափը, որ Հայաստանի ներսում ուղղվում է Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին քննադատողները խնայում Պուտինին, Լավրովին ու Զախարովային:
Սա մի կողմ, իհարկե: Մտահոգիչ է, որ Ռուսաստանը մեզ հանգիստ չի տալիս:
Անգամ տպավորություն ունեմ, որ Ռուսաստանին հետաքրքրել է բացառապես այդ ճանապարհը, որպեսզի կարողանա նաև այդպես շրջանցել միջազգային սանկցիաները:
Միջանցքի հարցը Հայաստանի գլխին ճոճվող սուր է, որ պահում են ռուսներն ու նրա դաշնակից ադրբեջանցիներն ու թուրքերը»: