Տեսակետ

«ՀՀՇ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը եթե որևէ բան արած չլինեին, միայն այս փաստաթուղթը բավարար է». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, որը ձևավորվել էր նույն տարվա մայիս-հուլիս հատվածում՝ ընտրությունների արդյունքում, և որտեղ ՀՀՇ-ն հաղթել էր Հայկմկուսին, ընդունեց Անկախության հռչակագիրը՝ Հայաստանը դնելով անկախության ճանապարհի վրա:

Եթե ՀՀՇ-ն և նրա ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ բան արած չլինեին, ապա միայն այս փաստաթուղթը բավարար է, որպեսզի նրանց հրավիրենք Հայոց պատմության պատվանդան:

Այսօր չեմ ուզում քննարկել Հռչակագրի 12 կետերը, որոնք ընդունվեցին առանձին-առանքին, իսկ որոշ կետեր՝ բուռն բանավեճերով և նաև ընդդեմ Տեր-Պետրոսյանի կամքի:

Այսօր շատերը չեն ուզում հիշել կամ պարզապես չգիտեն, որ Անկախության հռչակագրին և ԽՍՀՄ-ից Խորհրդային Հայաստանի անջատմանը դեմ էին և՛ հայ կոմունիստները, և՛ Սփյուռքյան ավանդական կուսակցությունները, քանի որ Մոսկվայից վախ կար:

Այսօր էլ՝ 34 տարի անց, հայ քաղաքական որոշ ուժեր, նախկին ղեկավարներ, մատնանշելով Հայաստանի իրավամբ ծանր վիճակը և բարդ հարևանությունը, փրկություն են տեսնում Նոր Միության ապագան՝ Ռուսաստանի ծոցում»: