Տեսակետ

Վրաստանում հետագա զարգացումները կախված են Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղուց. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանի ընտրությունը շատ կարևոր նշանակություն կունենա Կովկասի համար: Ավելին, այդ ընտրության արդյունքը ավելի մեծ նշանակություն կունենա Կովկասի համար, քան նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրությունը: Սա ասում եմ մի փոքր հարաբերականությամբ, որովհետև, մեծ հաշվով, ԱՄՆ դիրքորոշումն է լինելու Վրաստանում իրադարձությունների առանցքային կատալիզատորներից մեկը, հետևաբար, կախված դիրքորոշումից, ձևավորվելու է նաև քաղաքական արդյունքը:

Այդ իմաստով, վերստին ուշադրություն եմ հրավիրում Ջեյմս Օ՛Բրայանի այն հայտարարությանը, որ արել էր Կոնգրեսում՝ Միջին միջանցքի հետ կապված: Օ՛Բրայանը ասել էր, որ կա Վրաստանի ճանապարհը, սակայն իրենք Միջին միջանցքի հիմնական երթուղի դիտարկում են Ադրբեջան-Հայաստան-Թուրքիան:

Սա ունի մի քանի պատճառահետևանքային շերտ: Եվ այստեղ հարց կարող ենք տալ՝ արդյո՞ք դրանցից մեկն էլ այն չէ, որ ԱՄՆ-ն կամ դիտարկում է Վրաստանի «կորուստը», կամ՝ տևական անկայունությունը:

Հետևաբար, այստեղից կարող ենք եզրակացնել, որ Վրաստանում խորհրդարանի ընտրության միջավայրն ու հետագա զարգացումները կախված են նաև այն հանգամանքից, թե որքան մոտ կարող է լինել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղին:

Այստեղ է նաև Պուտինի՝ Բաքու այցի նպատակներից և Ալիևի ակնկալիքներից առանցքայինը՝ չպայմանավորվել այդ երթուղու հարցում, չընդունել ԱՄՆ առաջարկները, որովհետև այդ երթուղու բացակայությունը լինելու է Վրաստանի հարցում ԱՄՆ-ին կաշկանդող գործոն՝ հաշվի առնելով, որ այդ պարագայում Վրաստանում անկայունությունը կփակի Միջին միջանցքի՝ նույնիսկ այդ «երակը», ինչը կլինի լուրջ խնդիր Եվրոպայի համար»: