Տեսակետ

ՌԴ-ն Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ԲՈԼՈՐ կետերը ոտնահարված են, ավելին՝ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման:

Էթնիկ զտումը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղարար առաքելության ներկայության պայմաններում: Չեմ ասում, որ մեր աղետալի պարտության մեղավորը Ռուսաստանն է:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հերթական հայտարարությունը Արաքսի ափով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն հաստատելու շուրջ՝ ռուսական վերահսկողության տակ, նշանակում է հետևյալը.

Ռուսաստանը Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար:

Չեմ ասում, որ վաղը Ադրբեջանը պատերազմ է սկսելու:

Չպետք է նեղվել և նեղանալ Լավրովի խոսքերից, նա գերտերության արտգործնախարար է, որի շահերը այսօր համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Պետք է կառուցել արտաքին քաղաքականություն՝ հրաժարվելով արատավոր և պարզունակ ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄ, ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻ փակ շղթայից:

Խոսքը Ռուսաստանի հետ թշնամանալու մասին չէ: Հակառակը, պետք է փորձել ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և մյուս երրորդ երկրների հետ դիվանագիտության հիմքում պետք է դնել ՍԱՌԸ ԻՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»: