Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Պուտինի «գիշերային» այցը Բաքու և ուշ երեկոյան հյուրընկալվելը Ալիևներին «մերձությունն» ընդգծող հանգամանք է: Այստեղ հետաքրքիր է, թե արդյոք այդ հանգամանքի վրա պնդել է Ալիևը՝ որպես այցն ընդունելու պայման: Թե՞ ռուսական կողմն է «գաղափարի» հեղինակը, իսկ Ադրբեջանը պարզապես չի մերժել:
Սա լոկ արարողակարգային դետալ չէ, այդ դետալներին պետությունների ղեկավարների այցերի ընթացքում տրվում է էական նշանակություն, քանի որ դրանք պարունակում են քաղաքական մեսիջներ:
Օրինակ, այդ առնչությամբ հիշատակեմ մի դեպք՝ գրեթե քսանամյա վաղեմության: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2005-ի մարտին էր, Պուտինն այցելել էր Բաքու, որտեղից պետք է գար Երևան: Մամուլում գրվեց, որ Երևանը աշխատանք էր տարել, որպեսզի գիշերը Պուտինն անցկացնի Հայաստանում, ոչ թե Ադրբեջանում, և միայն առավոտյան ժամանակի Երեւան: Պուտինը Երևան ժամանեց գրեթե կեսգիշերին:
Անշուշտ, այս փոքր, բայց էական դետալները ներկայիս այցի ավելի մասշտաբային օրակարգի խճանկարի մի կտոր են: Օրակարգն ընդգրկելու է Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք և Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա, բայց առանցքային շեշտադրումը կլինի Հյուսիս-հարավի վրա:
Միաժամանակ, ուշադրություն դարձնենք, որ Բաքու այցի մասին խոսվեց Կուրսկում ուկրաինական գործողությունից հետո: Ինչու՞ չէր խոսվում մինչ այդ, ինչու՞ հուլիսին Աստանայում Ալիևի հետ հանդիպումից հետո չխոսվեց մոտալուտ պետական այցի մասին: Կարծում եմ՝ այցի բուն մոտիվը առաջացել է Կուրսկում իրավիճակից հետո:
Իսկ ի՞նչ իրավիճակ է եղել Կուրսկում: Ռազմական առումով հասկանալի է: Խոսքս քաղաքականի մասին է: Կուրսկը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկու էական պայմանավորվածություն է եղել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև՝ այն էլ հետախուզությունների ներգրավումով: Կուրսկը որևէ կերպ չի տեղավորվում այդ ֆոնի մեջ: Հետևաբար, կամ Ուկրաինան «թռել» է ամերիկացիների «գլխի վրայով» (ի դեպ, Վաշինգտոնը հենց այդպես էլ հայտարարում է, որ բացարձակ տեղյակ չի եղել), կամ ինչ–որ այլ ուժային կենտրոն Կիևին մղել է այդ գործողությանը՝ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների մեջ «սեպ» խրելու համար:
Եվ այդտեղ հիշեցրի, թե, հենց Ուկրաինայի իշխող կուսակցության խմբակցության ղեկավարի խոսքով, ո՞վ էր տապալել 2022-ի մարտի ստամբուլյան համաձայնությունները՝ Բրիտանիան:
Եվ ո՞վ էր վերջերս փորձում «խցկվել» հայ-ադրբեջանական տիրույթ: Բրիտանիան:
Հարցերը պետք է նայել շղթայով, «լեռնաշղթայով»: Պուտինի՝ Բաքու այցն «օրհնյալ» է նաև Վաշինգտոնի համար՝ Բրիտանիայի «դեստրուկտիվ» վարքագիծը զսպելու համար, այդ կերպ նաև ցույց տալու համար ռուսներին, որ իրապես կապ չեն ունեցել Կիևի գործողությունների հետ և, հետևաբար, մի ձեռքով պայմանավորվելով՝ մյուսով չեն խփել:
Սա բոլորովին չի նշանակում, թե այցն ունի ռուս-ամերիկյան ընդհանուր օրակարգ: Ինչ խոսք, շատ հարցերում նրանք կարող են ունենալ ընդհանրական մոտեցումներ, սակայն, մեծ հաշվով, ռուս-ամերիկյան կոմունիկացիան, քննարկումները ոչ թե ընդհանուր օրակարգի, այլ դիմակայության, այլ կերպ ասած՝ համաշխարհային պատերազմի կանոնների մասին են:
Վերջում հիշեցնեմ, աշխարհաքաղաքականությունը ֆուտբոլային երկրպագուի տրամաբանությամբ չափողները թող ժամանակ չվատնեն այս ալիքում»: