Տեսակետ

Առանց Բաքու-Դելի քաղաքական փոխհամաձայնության այդ գործարքը չէր լինի. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր Հնդկաստանի անկախության տարեդարձն է՝ 73-ամյակը:

44-օրյա պատերազմից հետո Հնդկաստանը էապես մեծացրեց իր հետաքրքրությունը ռեգիոնում, ինչի հիմնական պրովայդեր նկատելիորեն դիտարկում է Հայաստանին:

Միևնույն ժամանակ, շաբաթներ առաջ եղավ մի տեղեկություն, որը Հայաստանում արժանացավ քչերի ուշադրությանը: Հնդկաստանի պետական նավթագազային ընկերությունը, որը խոշորագույն ընկերությունն է այդ երկրում, բաժնեմաս է ձեռք բերում Ադրբեջանի նավթագազային ոլորտում: Այնտեղ ներկայություն ունեցող նորվեգական ընկերությունը հեռանում է և իր բաժնեմասը վաճառում է հնդկական ընկերությանը:

Հասկանալի է, որ առանց Բաքու-Դելի քաղաքական փոխհամաձայնության այդ գործարքը չէր լինի:

Սա մի փոքր դրվագ է այն մասին, որ մենք հերթական անգամ կհայտնվենք թյուր պատկերացումների փոսում, եթե, օրինակ, մտածենք, թե Հնդկաստանն է այն երկիրը, որը գալու է ու մեզ պաշտպանի Ադրբեջանից և Թուրքիայից:

Այդ թյուրըմբռնման փոսում առաջինը հայտնվելու է հենց հայ-հնդկական հարաբերությունը:

Մինչդեռ, այն գործնականում ունի իսկապես մեծ ներուժ, եթե արժանանա սառը և կոմպետենտ հաշվարկների, այլ ոչ թե պատրանքային պատկերացումների»: