Տեսակետ

Պուտինը պարգևատրում է Զաքարյանին, որ աշնանը միանա՞, թե՞ պարգևատրում է, որ չի միացել. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կարդում եմ, որ ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրով Բարեկամության մեդալով է պարգևատրվել Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր, որը հիմա «անկախ պատգամավոր» է, շարունակում է ղեկավարել համահայկական խաղերի կազմկոմիտեն:

Եթե հիշում եք, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման բարձր ալիքի օրերին Իշխան Զաքարյանի անունը շոշափվում էր վարչապետի անվստահության թեմայով քննարկման համատեքստում: Համառոտ լինելու համար նշեմ՝ ակնկալվում էր, որ Զաքարյանը կմիանա այդ թեման օրակարգ բերելու ստորագրահավաքին, հետո պարզվեց՝ չի միանում:

Հիմա, Պուտինը պարգևատրում է Զաքարյանին, որ աշնանը միանա՞։ Թե՞ պարգևատրում է, որ չի միացել։ Չէ՞ որ էդ շարժումը «կրեմլյան ականջներ» ուներ, ըստ որոշ «աղբյուրների»: Փաստորեն, ստացվում է, որ Կրեմլից պարգևի է արժանանում «կրեմլյան ականջներ» ունեցող շարժմանը չմիացած «անկախ» պատգամավորը։

Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե չարտացոլեր այն տխուր իրականությունը, թե ինչպես է հայ հանրային գիտակցությունը պարզապես ենթարկվում պրոպագանդիստական անվերջ պինգ-պոնգի»: