Տեսակետ

«Լուրը տարեք մեր էն քավթառ Հեյդարին՝ հայերն, ահա, հասել են, տես, Գյանջային». Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

««Հայրենական «պատասխանատու» լրատվամիջոցները և քաղաքագետներն աղմկում են, թե Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Ամիրբեկովը հայ ժողովրդին «ապտակել է» նրա համար, որ պարտված Նիկոլ Փաշինյանին վերընտրել է: Մինչդեռ Ամիրբեկովին պետք է հիշեցնել, որ առաջին պատերազմում վեց շրջան կորցրած, ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին աղերսական խնդրագրեր հղած Հեյդար Ալիևը ոչ միայն երկու անգամ նախագահ է ընտրվել, այլև պաշտոնապես հռչակվել «ազգի հայր եւ առաջնորդ»: Ցանկացած նորմալ երկրում նման մարդու գերեզմանը կարժանանար անեծքի, մինչդեռ Ադրբեջանում ամեն քայլափոխի Հեյդարի արձաններն են:
Ինչ վերաբերում է քառասունչորսօրյային, պետք է հղել Թուրքիայի նախագահին. «Մենք մտել ենք Ղարաբաղ»: Եվ ինչքան էլ Իլհամ Ալիևն իրեն պատռի, դա արձանագրված է թուրք-ադրբեջանական 2021թ. հռչակագրով:

Հ.Գ. Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանցիները «մեյխանա» էին ստեղծել.

- Լուրը տարեք մեր էն քավթառ Հեյդարին՝
Հայերն, ահա, հասել են, տես, Գյանջային:

Էլչին Ամիրբեկովը լսած կլինի այդ ծաղրը»: