Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր վաղ առավոտյան Եվրանյուզը ռեպորտաժ էր տալիս Խորվաթիայից, խորվաթները նշում էին 1995 թվականի Կրաինայի սերբաթափման հերթական տարեդարձը:
200 հազար ուղղափառ սերբեր, որոնք բնակվում էին Խորվաթիայի Կրաինա նահանգում, մի գիշերում ենթարկվեցին էթնիկ զտման իրենց ազգակից, կաթոլիկ խորվաթների կողմից:
Կրաինան իր անկախությունն էր հռչակել Խորվաթիայից՝ ստանալով Սերբիայի, նրա առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի և սերբ դաշտային հրամանատարների զինական աջակցությունը:
90-ական թվականներին Հայաստանում, հատկապես նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԱԳՆ շրջանակներում, խորը մտահոգություն կար, որ Կրաինան կարող է կրկնվել նաև Արցախում:
Այդ մտահոգությամբ էր նաև պայմանավորված, որ փոխզիջման փորձ էր արվում:
Ցավոք, ինչպես 1920-ին, հայ քաղաքական իրատեսությունը և իմաստությունը 1998-ին զիջեց մաքսիմալիզմին ու ռոմանտիզմին: Աթեիստ, անաստված, կոմսոմոլ բանդան դարձավ եկեղեցասեր, ազգայնական՝ զավթելով իշխանությունը Հայաստանում և հայրենասիրության անվան տակ դիզելով հարստություն ու հարստահարելով ժողովրդին:
Աղետը եկավ 2023 թվականի սեպտեմբերին:
Ինչպես Արցախի բռնի հայաթափումը, այնպես էլ Կրաինայի սերբաթափումը, գրեթե չարժանացավ միջազգային հանրության դատապարտմանը՝ մի քանի մտահոգություններ ու վերջ:
Բայց ես միջազգային հանրությանը չեմ դատապարտում, քանի որ միջազգային հանրությունը չէ պատասխանատուն մեր աղետների համար:
Մենք ենք պատասխանատուն, որ մեր արկածախնդիր քաղաքականության պատճառով ամեն ինչ արեցինք, որ Արցախում չպահենք բնիկ ժողովրդին»: