Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն ուզում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակից, եւ իրենք օգնում են այդ հարցում Հայաստանին:
Հիմա, սրան անդրադարձս կլինի մի փոքր երկար, նախապես շնորհակալություն հայտնեմ համբերատար կարդացողներին:
Նախ, երբ ամերիկացի, ֆրանսիացի, չինացի, ինդոնեզացի, ռուս կամ որեւէ այլ երկրի չինովնիկ-դիվանագետ ելույթ է ունենում այդ երկրի խորհրդարանում, պատասխանում պատգամավորների հարցերին, մշտապես արժե հիշել՝ նրանք որեւէ կերպ չեն տարբերվում հայաստանցի պաշտոնյաներից, հետեւաբար նրանց հայտարարությունները մեղմ ասած երբեք պետք չէ ընկալել իբրեւ վերին ատյանի ճշմարտություն այն քաղաքականության եւ գործունեության մասին, որ նրանք իրականացնում են:
Հիմա, այդ կանխավարկածը չմոռանալով, փորձենք հասկանալ, թե ինչ է ասում Օ Բրայանը իր այդ արտահայտությամբ:
Առաջին հարցն այն է, թե ամերիկացի դիվանագետը որտեղի՞ց գիտի, թե ինչ է ուզում Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը: Իրականացրել են սոցհարցու՞մ, թե՞ հիմնվում են որեւէ այլ սոցհարցման տվյալի վրա: Կամ, գուցե դա նրանց հայտնել են ինչ որ կազմակերպություննե՞ր, այս կամ այն զրույցի ընթացքում, կամ Հայաստանի պաշտոնյաներ:
Միաժամանակ, իհարկե կասկածի տակ չէ առնվազն այն, որ Հայաստանի հանրության մի մեծ շերտ ունի այդ դիրքորոշումը, ընդ որում՝ միանգամայն հիմնավոր:
Սակայն, այստեղ գանք կարեւորին, առանցքայինին: Մի բան է հանրային դիրքորոշումը, թեկուզ եւ լիովին հիմնավոր, մեկ այլ բան պետական քաղաքականությունը:
Ինչու՞: Որովհետեւ հանրությունը կառուցելով իր դատողությունը հրապարակային իրողությունների վրա, այդուհանդերձ չի տիրապետում քաղաքական այսբերգի՝ ջրի տակ եղած մասը: Իսկ ջրի տակ, որպես կանոն, ամենամեծ մասն է: Միեւնույն ժամանակ, մի բան է հանրային դիրքորոշում-ցանկությունը, մեկ այլ բան քաղաքական հաշվարկը: Իսկ քաղաքական հաշվարկի համար պետք է արդեն ջրի տակ եղած ահռելի տեղեկատվություն:
Որովհետեւ, պետական քաղաքականությունը չենք կարող կառուցել ցանկության վրա: Պետք է կառուցել հաշվարկի, հնարավորությունների ու ռիսկերի հարաբերակցության գնահատման, եւ այլն:
Ի վերջո, ցանկալին իրագործելու, բայց մեղմ ասած անցանկալի հետեւանք ունենալու դեպքում, հանրությունը սկսելու է ընդամենը փնտրել նոր մեղավորներ, ինչը սակայն որեւէ կերպ չի մեղմելու կամ չեզոքացնելու անցանկալի հետեւանքը:
Սա նշանակու՞մ է, որ պետք չէ դուրս գալ ՌԴ ազդեցության տակից: Իհարկե ոչ: Հայաստանը պետք է ձգտի առավելագույն ինքնիշխանության, սուբյեկտության, չհայտնվի որեւէ մեկի տակ:
Բայց, այստեղ շատ էական է ինչպեսը: Եթե օրինակ ԱՄՆ քեզ օգնում է դուրս գալ Ռուսաստանի տակից, ապա միայն քաղաքականապես տգետ պետք է լինել, մտածելու համար, թե դա արվում է որպես բարեգործություն: Դա արվում է սեփական ազդեցությունը հաստատելու համար: Թե ինչ մոդելային եւ ոճական տարբերակով ազդեցություն, դա արդեն այլ հարց է, առանձին քննարկման հարց, բայց միեւնույն է՝ լուծվողը լինելու է ԱՄՆ ազդեցության հատատման հարցը, եթե անգամ միջնորդավորված այլ երկրի միջոցով:
Սակայն, նաեւ կա մյուս հարցը՝ ի վերջո այդպես Հայաստանը դուրս կգա՞ ռուսական ազդեցությունից, թե՞ կհայտնվի պարզապես այն իրավիճակում, որում օրինակ Ուկրաինան: Չէ՞ որ Կիեւին էլ ԱՄՆ օգնում էր ՌԴ ազդեցությունից դուրս գալու մեծամասնության ցանկությունը իրագործելու համար:
Վրաստանն օրինակ դա հասկացավ ավելի վաղ, անցնելով ռացիոնալ քաղաքականության:
Ո՞րը կարող է լինել ռացիոնալ քաղաքականությունը Հայաստանի պարագայում: Այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում ընդհանրապես փակվի Ռուսաստանի ազդեցության «խոսույթը», եթե կա այդ ազդեցությունն իրապես, գործուն ձեւով նվազեցնելու եւ Հայաստանի ինքնիշխանության ներուժի թե գործակցային, թե որակական աճի հասնելու իրական ձգտում:
Հնարավոր չէ Ռուսաստանի հետ առճակատման ռեժիմով լուծել Ռուսաստանի ազդեցություն նվազեցնելու եւ Հայաստանի ինքնիշխանություն բարձրացնելու խնդիր: Այդ խնդիրը լուծելու առաջին գրավականը առճակատումից դուրս լինելն ու պարզապես Հայաստանի ներքին փոփոխություններով, ներքին կյանքի եւ հասարակական հարաբերությունների, տնտեսության եւ քաղաքական համակարգի ռեֆորմացիայով զբաղվելն է:
Մի բան, որ ինչպես ասել եմ բազմիցս՝ պետք է եւ հետաքրքիր է միայն ու միայն Հայաստանին, ուրիշ ոչ մի այլ երկրի:
Դրա համար է նաեւ, որ այլ երկրները պարզապես խթանում են Հայաստանի «վրա» առճակատումը, ամեն մեկն իր ոճով եւ խոսույթով, սակայն ըստ էության նույն տրամաբանությամբ: Որովհետեւ, դարձյալ, ինչպես ասել եմ քանիցս, գերտերություններին, ուժային կենտրոններին չի հետաքրքրում՝ դու իրենց սիրում ես, թե ատում: Հետաքրքրում է մի բան, որ դու իրենց հետ չհարաբերվես ռացիոնալության սկզբունքով ու տրամաբանությամբ, այլ գերազանցապես էմոցիոնալության, այդ՝ սիրո կամ ատելության:
Որովհետեւ, իրենք բոլորն էլ Հայաստանը, եւ մեզ պես այլ երկրների, դիտարկում են ընդամենը իրենց հարաբերությունների մանրադրամ, միջոց, գործիք, օբյեկտ: Իրենց չի հետաքրքրում՝ սիրում ես, թե ատում, որովհետեւ իրենք միմյանց միջեւ են որոշելու քո ճակատագիրը, երբ կորոշեն՝ բացարձակ նշանակություն չունի, թե իրենցից ում ես սիրել կամ ատել:
Մենք չենք կարող մեր ճակատագիրը վերցնել մեր ձեռքը, եթե լինենք նրանցից որեւէ մեկի հետ առճակատման ռեժիմում»: