Մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Անցած օրը տեսա մի պաստառ «Գուբերնատոր» օղու գովազդով: Դա ինձ թվաց հեգնական ակնարկ «Դեպի Եվրոպա» հանրաքվեի շուրջ կատարվող իրադարձությունների ֆոնին: Մարդիկ ստիպված են ընտրել եվրոպական կողմնորոշում, բայց նրանց ճնշված մղումներն արտահայտվում են նման օղի արտադրելով ու խմելով:
Իրականում, քանի երկիր և ինչքան մարդ գնաց դեպի Եվրոպա ոչ թե ելնելով սեփական նախապատվություններից, այլ առաջին հերթին՝ Ռուսաստանի սարսափից: Բայց հարցն ունի պակաս տեսանելի կողմ: Հետգաղութային տեսության մեջ կարծիք կա, որ որոշ նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հարավային Կովկասում (Անդրկովկասում), չեն ընդունում, որ Խորհրդային Միության կազմում եղել են գաղութացված, քանի որ իրենց համարում են եվրոպացի՝ ավելի բարձր քաղաքակրթությամբ, քան ռուսները:
Թվում է, թե այս օրերին հնչող «Հայաստանը Եվրոպա է» հայտարարությունների հետևում թաքնված է նաև սեփական գաղութային անցյալին առերեսվելու մտավորական անկարողությունը:
Չեմ ուզում ասել, թե ես դեմ եմ եվրոպակամ կողմնորոշմանը, բայց հայաստանցիներիս համար դա ոչ թե իսկական եվրոպացու վկայական ստանալու, այլ գոյատևման հարց է»: