Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը «Ֆեսյբուքի» իր էջում գրել է.
«Ամեն իրանալեզու պարբերական իրանական աղբյուր չի, ինչպես նաև Վաշինգտոնում հաստատված ամեն կայք ու ուղեղային կենտրոն պաշտոնական Վաշինգտոնը չէ։ «Iran international» կայքը հակաիրանական գաղափարախոսությամբ ու տարբեր աղբյուրների համաձայն` սաուդական ֆինանսավորմամբ կայք է։
Այն հանգամանքը, որ այս կայքում լուր է հայտնվում այն մասին, որ Հայաստանն ու Իրանը ռազմական պայմանագիր են կնքել ոչ միայն զենքերի մատակարարման, այլ նաև իրանական ռազմաբազա Հայաստանում տեղակայելու մասին, պետք է դիտարկել երկու առանցքով` հակիրանական և նաև ներքին ԱՄՆ քաղաքականության համատեքստում՝ հակադեմոկրատական։
Պատահական չէ, որ հոդվածում կան մեկնաբանություններ նաև «Middle East Institute» ուղեղային կենտրոնի վերլուծաբաններից։ Այս ուղեղային կենտրոնն էլ ֆինանսական կապեր ունի սաուդցիների հետ ու կոշտ քննադատությամբ է հանդես գալիս դեմոկրատական իշխանության` իրանական քաղաքականության հանդեպ։ Ամերիկյան հանրապետական շրջանակները Իրանի հետ երկխոսության անընդունելիության ու նրա հետ հարցերը ռազմական ճանապարհով լուծելու կողմնակից են ու հատկապես նախընտրական շրջանում անելու են ամեն բան ցույց տալու, որ իրանական «սպառնալիքը» աճել է դեմոկրատների քաղաքականության արդյունքում և որ մեր տարածաշրջանում Վաշինգտոնի ներգրավվածությունն էլ մեծացրել է իրանական ռազմական ներկայությունը։
Այս հանգամանքից օգտվում է բնականաբար նաև Ադրբեջանը` ամեն կերպ «հիշեցնելով», որ իրանական տարածաշրջանային քաղաքականությունը ներառում է նաև հարաբերություններ Հայաստանի հետ։
Այլ կերպ ասած` սա ոչ միայն հակահայկական ու հակաիրանական, այլև հակավաշինգտոնյան հրապարակում է ու պետք է քննարկել նաև դրա նախընտրական համատեքստը»։