Տեսակետ

Մի կողմից Հայաստանին են դնում Արևմուտքի առաջ արդարանալու խնդրի առաջ, մյուս կողմից Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքն են տալիս Իրանի դեմ դնելու խաղաքարտ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Լոնդոնում 2017  թվականին ստեղծված Իրան ինթերնեշնլ անվանումով իրանալեզու հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Լոնդոնից եւ Վաշինգտոնից, տեղեկություն է հրապարակել, թե Հայաստանն ու Իրանը կնքել են 500 միլիոն դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր, որով Իրանը Հայաստանին է մատակարարելու անօդաչուներ, հրթիռներ, հրետանի եւ այլն: Տպավորիչ սպառազինություն:

Անշուշտ, այդ ամենը գոհացնող է, եթե համապատասխանում է իրականությանը: Բայց, ըստ ամենայնի հենց դրա «իրականություն չդառնալու» համար էլ տեղեկությունը հայտնվել է Լոնդոնում գործող իրանալեզու հեռուստաալիքի եթերում: 

Իհարկե չեմ ուզում խորանալ կոնսպիրատիվ վարկածների մեջ, բայց արդյո՞ք այստեղ կարող է լինել բրիտանական հետախուզության դեր, եւ որոշակի պատասխան հայկական կողմին՝ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ Ալիեւի հետ հանդիպումից հրաժարվելու համար:

Ինչպես նշել էի Լոնդոնից առաջ, գլխավոր ինտրիգը այնտեղ լինելու էր թերեւս այն, թե արդյո՞ք կլինի Նիկոլ Փաշինյանի եւ Ռիչարդ Մուրի նոր հանդիպում: Համենայն դեպս հրապարակային տեղեկատվություն այդպիսի հանդիպման կամ շփման մասին՝ չի եղել, ինչը իհարկե որեւէ կերպ չի բացառի ոչ հրապարակայինը:

Վերը նշածս «պատճառահետեւանքային» կապն, իհարկե, զուտ որպես վարկած, այլ ոչ թե պնդում: 

Որովհետեւ, ի վերջո ոչ մի կերպ հնարավոր չէ բացառել եւ այն, որ արտահոսքը կարող է լինել հենց Իրանի կառավարող շրջանակից, որտեղ ներկայումս բավականին նկատելի է մեծ ներիշխանական պայքարն ու լարվածությունը: Այնտեղ բնականաբար կարող են լինել Հայաստանի հետ հարաբերության աստիճանի վերաբերյալ տարբեր պատկերացումներ:

Ի դեպ, այդ՝ Իրանի ներսում եղած իրողությունների համատեքստում, ուշագրավ է, որ նույն հեռուստաալիքը տեղեկություն է տարածել նաեւ, թե մահափորձ է եղել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ, ընդ որում տեղեկության մեջ խիստ թափանցիկ ակնարկ անելով հենց իշխանական շրջանակին:

Վերադառնալով զենքի թեմային: Ի վերջո պետք չէ բացառել եւ այն, որ տեղեկությունը պարզապես հորինված է: Այդ դեպքում սակայն հարց է առաջանում՝ ինչու՞ հորինել: Մի կողմից, մոտիվը կարող է լինել այն, որ Երեւանն ու Թեհհրանը այդուհանդերձ շոշափում են այդպիսի գործարքի հնարավորություն, բավականին խորհրդապահական ռեժիմում, սակայն փաստորեն տեղեկությունը դուրս է գալիս եւ ըստ էության այդպիսով տապալում որեւէ համաձայնության հեռաննկար:

Մյուս վարկածը կարող է լինել այն, որ այդ կերպ մի կողմից Հայաստանին են դնում Արեւմուտքի առաջ արդարանալու խնդրի առաջ, մյուս կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքն են տալիս Իրանի դեմ դնելու խաղաքարտ»: