Տեսակետ

Մակրոն-Փաշինյան հանդիպումը ուներ բավականին սառը կամ լարված «նյարդ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Տպավորությունս սուբյեկտիվ է, բայց Մակրոն-Փաշինյան լոնդոնյան հանդիպումը, ի տարբերություն նրանց նախորդ հանդիպումների, ուներ բավականին սառը կամ լարված «նյարդ»:
Համենայն դեպս, այդ տպավորությունն էր կադրերից՝ միմյանց ողջունելուց սկսած:

Խոսքը Փաշինյան-Մակրոն լարվածության մասին չէ: Չեմ կարող բացառել, որ դա էլ կա, ընդ որում՝ վաղուց, բայց իմ տպավորությամբ ոչ թե նրանց միջև, այլ իրավիճակի սառն ու լարված բնույթի վկայությունն էր արտացոլվածը:

Ըստ իս, լոնդոնյան չկայացած հանդիպումը «շարքային չկայացած հանդիպում» չէր:
Կա տպավորություն, որ Բրիտանիայի մայրաքաղաքում կատարվածը որոշակի փակուղու սկիզբ է, որն արտացոլում է Միլլերի բնորոշումը՝ «կողմերի բարդ ու ծանր փոխզիջման» անհրաժեշտության մասին:

Ավելորդ է ասել, որ հավասարության նշանով հնչող այդ հայտարարությունների և մոտեցումների բեռն իրական ռեժիմում ընկնում է թույլ կողմերի վրա, և դա գիտեն ու հասկանում են բոլորը:

Մակրոնն ասում է՝ Հայաստանն ունի ինքնապաշտպանության իրավունք: Ականջ է շոյում, բայց տրամաբանական է այնքան, որքան ասելը, թե մարդն ունի շնչելու իրավունք:
Հետևաբար, այդօրինակ հռետորաբանությունից աչքերը երանությամբ փակելու փոխարեն պետք է բացենք միտքը, թե ինչու է պետք պարբերաբար ասել, որ Հայաստանն ունի «շնչելու» իրավունք:

Սա չի վերաբերում հավերժական կենացասացներին, միտքն այստեղ անզոր է»: