Տեսակետ

Ջո Բայդենը հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Գործնականում բոլորի համար նկատելի էր, որ Ջո Բայդենը նախագահի ընտրության երկրորդ ժամկետին հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական՝ առողջական խնդիրներից ելնելով, և նախագահի պաշտոնը զբաղեցնելու էր փոխնախագահ Կամալա Հարիսը:

Ըստ էության, հիմա տեղի է ունենում այն, ինչ ծրագրվում էր Տրամպին հաղթելուց հետո, քանի որ դիտարկվում էր, որ Բայդենն է դեմոկրատների ամենահաղթող թեկնածուն: Բայց տապալված բանավեճն ու անհաջող մահափորձը ստեղծել են մի իրավիճակ, երբ Բայդենի հաղթանակը թվում է հրաշքի նման մի բան: Դրան զուգահեռ, գուցե չի «դիմանում» նաև նրա առողջությունը, ինչը ստիպում է դեմոկրատական վերնախավին՝ գործի դնել այն պլանը, որը նախատեսված էր նախագահի ընտրությունից հետոյի համար:

Այստեղ, սակայն, արժե ուշադրության արժանացնել մեկ այլ հանգամանքի: Եթե բարդ է Բայդենին թեկնածությունը հանելու որոշում պարտադրելը, դա նշանակում է, որ կամ նա է դեռ բավականին բանական մարդ, որքան էլ ակնառու է կոգնիտիվ կարողությունների լրջագույն խնդիրը, կամ նրա թեկնածության պահպանության հարցում կա դեմոկրատական կուսակցության առնվազն մի որոշակի թև, որը համառում ու դիմադրում է:

Եվ այստեղ առաջանում է մեկ այլ հարց․ իսկ ինչու՞: Մի՞թե այդ թևը չի տեսնում, որ Բայդենը պարտվող է, հետևաբար, իրենք բոլորը նրա հետ պարտվող են, հետևաբար, ինչու՞ պահել նրան: Դա նշանակու՞մ է արդյոք, որ դեմոկրատական կուսակցության մեջ կա ընդհուպ գաղափարական պայքար, երբ Բայդենին «պահելու» կողմնակից թևը դեմ չէ, որ հաղթի Տրամպը, միայն թե Սպիտակ տունը չանցնի դեմոկրատների այն թևին, որը ներկայացնում է Կամալա Հարիսին, և որն էլ, իր հերթին, նույնիսկ ծայրահեղ ձախ-ազատական արժեգաղափարական կողմնորոշման կրող է»: