Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվել, որ հրաժարվել է Բրիտանիայի հովանու ներքո եռակողմ, հետո երկկողմ հանդիպման առաջարկից: Ադրբեջանական կամ, գուցե, առաջարկի հեղինակ կողմի համեմատությունը՝ Մյունխենում Շոլցի հովանու ներքո համանման հանդիպման հետ, պարզապես կաղում է:
Հանդիպման այդօրինակ առաջարկը բրիտանական կողմից խորամանկ և անարդարացի քայլ է, որովհետեւ Փաշինյանն ու Ալիևը Լոնդոնում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Իսկ այդ շրջանակում կա բանակցային որոշակի օրակարգ-հետագիծ, որ ենթադրում է հանձնառություններ նաև Բաքվի համար: Իսկ Ադրբեջանը հենց դրա համար է խուսանավում այդ ձևաչափից Գրանադայից՝ նախորդ տարվա հոկտեմբերին ԵՔՀ երրորդ գագաթնաժողովից սկսած:
Հիմա, երբ Լոնդոնում կայանում է չորորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաեւ Ալիևը, դա առիթ է նրան այդ օրակարգին վերադարձնելու կամ գոնե հիշեցնելու համար, երբ կամ ստիպված կլինի ինչ-որ պատասխաններ տալ, կամ ցույց տալ իր ապակառուցողականությունը:
Ահա այստեղ է, որ նրան օգնության է գալիս Լոնդոնի առաջարկը:
Իսկ Մյունխենի հետ այն համեմատելի լինել չի կարող, որովհետև Գերմանիայի կանցլեր Շոլցը եղել է «թեմայի» մեջ, մասնակցել է 2023թ․ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հանդիպմանը ԵՔՀ երկրորդ գագաթնաժողովի շրջանակում: Ու թեև Մյունխենում չի եղել գագաթաժողով, այլ միջազգային անվտանգության ամենամյա կոնֆերանսն էր, այդուհանդերձ, Շոլցը եղել է «թեմայի մեջ», ինչը հնարավոր չէ ասել Լոնդոնի, առավել ևս, Բրիտանիայի լեյբորիստ նոր վարչապետի մասին, որն ընդամենը մի քանի օր է, ինչ ստանձնել է իր պաշտոնը՝ պահպանողականների 14-ամյա իշխանությունից հետո»: