Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Ադրբեջանը բացարձակապես շահագրգռված չէ Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել, քանի որ զգում է, որ կարող է ավելին ստանալ, մասնավորապես՝
- ա/ ռուսների օգնությամբ՝ Արաքսի ափով անխոչընդոտ միջանցք,
- բ/ ՀՀ սահմանդրությունից, ավելի ճիշտ՝ անկախության հռչակագրից 1989թ․ դեկտեմբերի 1-ը հանել տալ,
- գ/ մի քանի հազար հայերի Արցախ վերադարձով ստանալ իրավունք մի քանի հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, և այս հարցում էլ ռուս-ադրբեջանական շահերի համընկնում կա:
Իլհամ Ալիևի համար նաև անընդունելի է, որ Թուրքիան բացի ՀՀ-ի հետ սահմանը, ինչը հնարավոր կլինի Երևան-Բաքու պայմանագրի ստորագրումից հետո: Այդ պատճառով է, որ Ալիևը չի շտապում ստորագրել որևէ ամբողջական թուղթ Հայաստանի հետ:
Թուրքիան ևս շահագրգռված չէ ՀՀ-ի հետ սահմանը բացել, քանի որ փակ պահելու դիմաց ստանում է ադրբեջանական ներդրումներ, որոնք ավելին են իր համար, քան ՀՀ-ի հետ սահմանի բացումը:
Մեզ այլ բան չի մնում, քան ստորացված, պարտված ու անտեսված վիճակում ապրել տարիներ և փորձել ռազմական, քաղաքական հավասարակշռությունը վերականգնել:
Ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին ստորացված, պարտված ու, մասամբ, անտեսված՝ 1994-ից ի վեր...
Մենք հաշվի չառանք ժամանակի գործոնը: Մենք սխալվել ենք ու պարտվել: Մեր գնացքը, մեր իսկ հանցավոր արկածախնդրությունների պատճառով, վաղուց հեռացել է»: