Տեսակետ

Հետաքրքիր է՝ դիտարկումը տեղի է ունենում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հուլիսի 11-ին ԵՄ դիտորդական առաքելության հետ դիտարկում է արել Կապանում: Թե սահմանի հատկապես որ հատվածում, մանրամասն ներկայացված չէ:

Հետաքրքիր է, որ այդ դիտարկումը տեղի է ունենում Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո: ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ ու հովանու ներքո այդ հանդիպումից մեկ օր անց Հայաստանում ԱՄՆ դեսպանի մոտ ի՞նչն է առաջացրել սահման դիտարկելու անհրաժեշտություն:
Ուշադրության արժանացնենք․ դիտարկումը եղել է Սյունիքում: Նախօրեին առավոտյան տելեգրամյան ալիքումս գրառում էի արել Վաշինգտոնում սպասվող հանդիպման առնչությամբ, որի մի հատված ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը այստեղ.

«Միևնույն ժամանակ, շաբաթներ առաջ Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ սահմանի վերաբերյալ հաջորդ համաձայնությունը կարող է լինել Սյունիքի ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնը բարձրաձայնել է առևտրային միջանցքի անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ դրա համար կարևոր համարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը, կա մեծ հավանականություն, որ վաշինգտոնյան հրավերի սեղանին կարող են լինել սահմանի սյունիքյան հատվածին վերաբերող հարցեր:

Ի դեպ, ժամանակագրական առումով շատ ուշագրավ է, որ հուլիսի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հյուրն են եղել Հայաստանում Իրանի դեսպանն ու ռազմական կցորդը»: