Տեսակետ

Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի կարգավիճակը փոխվել է

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Կիրանց-Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհը պետք է մնա միջպետական և չպետք է դառնա հանրապետական նշանակության։ Այսօր ևս անցա Կիրանց-Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհով: Դե, գիտեք, ադրբեջանցի սահմանապահները և ադրբեջանական դրոշները շատ մոտիկից աչքով տեսանելի են, ոչ այնքան մոտ, ինչքան Շուռնուխում և Սյունիքի այլ հատվածներում: Երկու շաբաթից, երբ Կիրանցի կամուրջը կփոխանցի Ադրբեջանին, մենք ադրբեջանցիներին կտեսնենք ավելի մոտիկից:

Ես երկու լուր ունեմ․ առաջին՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի կարգավիճակը փոխվել է, այն դարձել է հանրապետական: Ցանկալի կլինի, որ ՀՀ իշխանությունները պարզաբանեն, թե ինչո՞ւ է տեղի ունեցել կարգավիճակի փոփոխություն:

Երկրորդ՝ կառավարությունում քննարկվում է/քննարկվել է Իջևանից-Նոյեմբերյան նոր ճանապարհ կառուցել, որը կշրջանցի ՀՀ-ում ադրբեջանական ամենամեծ անկլավը՝ Վերին Ոսկեպարը՝ Յուխարը Ասկիպարան:

Այս երկու տեղեկությունները, որոնք պաշտոնապես կարիք ունեն հաստատվելու, իրար հետ ուղղակի կապ ունեն: Շաբաթական 1-2 անգամ անցնում եմ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհով և մտածում, որ շատ կարևոր է, որ ոչ միայն այս ճանապարհը մնա միջպետական և հիմնական կապողը Երևանն ու Թբիլիսին, այլ այն լայնանա և բարեկարգվի:

Հետո ինչ, որ 100 մետր հեռավորության վրա ադրբեջանական սահմանապահներն են: Միշտ էլ կարելի է ունենալ այլընտրանքային ճանապարհ, ինչի մասին խորհում են կառավարությունում՝ Իջևանից սարերով դեպի Նոյեմբերյան: Այն ճանապարը, որ հիմա էլ կա, անցանելի է ամենագնացների համար և շատ երկար է»: