Իրանագետ Աննա Գևորգյանը ֆեյսբուքյան իրէջում գրել է. «Իրանում հուլիսի հինգին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների երկորրդ փուլի արդյունքներով երկրի 14-րդ նախագահ է ընտրվել բարեփոխականների աջակցությունը ստացած Մասուդ Փեզեշքիանը։
Փեզեշքի (բժշկի) մասնագիտությամբ, Իսլամական հանրապետության պետական կարևոր ինստիտուտներով ու առանցքային պատմական հանգրվաններով անցած (ծառայել է բանակում, աշխատել հիվանդանոցում, որպես բժիշկ եղել Իրան-Իրաքյան պատերազմի թոհուբոհի մեջ, ղեկավարել Թավրիզի Բժշկական համալսարանը, եղել երկրի առողջպահության փոխնախարար, իսկ հետո նաև նախարար, հինգ անգամ ընտրվել պառլամենտի պատգամավոր), իր մրցակիցներից տարբերվում էր մի քանի քաղաքական ու անհատական հատկանիշներով։
Նախևառաջ, նա միակն էր ի սկզբանե վեց թեկնածուներից, որ հարում էր բարեփոխական ճամբարին։ Եթե մինչև նախընտրական պայքարի սկիզբը այս հանգամանքը միայն անցյալի կապերով կարելի էր բացատրել, ապա նախընտրակնա շրջանում նախկին նախագահներ Ռուհանիի ու Խաթամիի, նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի աջակցությունը՝ նպաստում էին բարեփոխական տրամադրությունների ջատագով ընտրողների կողմնորոշմանը։
Նախընտրական բանավեճերում Փեզեշքիանի մրցակիցները նրա հնարավոր ընտրվելու ու ձևավորվելիք կառավարության մասին քննադատությունը կառուցում էին՝ «Ռուհանիի երրորդ ժամկետի կառավարություն» «կսմիթով», որ սակայն գրավիչ հավելյալ գործոնը դարձավ գուցե։ Ռուհանիի կառավարության ամենաառանցքային կերպարներից Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որ նախընտրական շրջանում մի քնաի հանդիպումների ժամանակ հանդես եկավ որպես Փեզեշքիանի՝ արտաքին հարցերով խորհրդական, ամենայն հավանականությամբ նորընտիր նախագահի կողմից կվերանաշանակվի իր պաշտոնում։ Սա, իհարկե, կարևոր արտաքին քաղաքական ուղերձ կլինի, քանի որ Զարիֆը՝ Միջուկային ծրագրի ստորագրման «կնքահայրը», Արևմուտքի հետ երկխոսության խորհրդանիշն է համարվում։ Այստեղ, սակայն, պիտի չմառոնանք, որ թեև Իրանում կառավարության կաբինետը ձևավորվում է նախագահի առաջարկությամբ, սակայն նախարարների, փոխնախագահների թեկանծուներին պետք է հաստատի նաև պառլամենտը՝ հաշվի առնելով նաև երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կարծիքը։
Ներքին հասարակական հարցերում Փեզեշքիանը նույնպես տարբերվում էր իր մրցակիցներից առավել անհատակենտրոն դիրքորոշումներում․ կանանց հետ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ նա կարծիք հայտնեց, թե իսլամական պարտադրանքները կանանց հագուստի վերաբերյալ չպիտի լինեն այնպիսին, որ կանանց իսլամի ու պետության դեմ տրամադրեն։ Այս հարցի վերաբերյալ Փեզեշքիանն իր կարծիքն արտահայտել էր նաև "Կին, կյանք, ազատություն" ցույցերին հաջորդած ոստիկանական բռնություններից հետո՝ քննադատելով կոշտ արձագանքը ցույցերին (սա կարևոր է՝ ենթադրելու համար, որ իր դիրքորոշումները միայն նախընտրական շրջանի համար չեն)։
Փեզեշքիանի անձնական կյանքի ողբերգական դրվագներն ու դրանց նկատմամբ իր արձագանքը նրան պատկերում են որպես պարկեշտ, նվիրյալ մարդու, հասարակության «հասարակ» անդամի՝ ի հեճուկս զբաղեցրած բոլոր պաշտոնների։ Դեռևս իննսունականներին նա կորցրել է իր կնոջն ու զավակներից մեկին ու միայնակ դաստիարակել մյուս երկու որդիներին ու դստերը:
Բազմակնությամբ օրենքով երկրում սա առանձնահատուկ նվիրվածության ու պարկեշտության ցուցիչ է․ նախընտրական հարցազրույցների ընթացքում նրա դուստրը հենց էս դրվագն էր ներկայացնում որպես ամենից խոսուն, որ նկարագրում է թե ինչպիսին է նա։
Փեզեշքիանի՝ ազերիախոս հոր ու քրդախոս մոր ժառանգ լինելը, հասարակության այդ հատվածների՝ իրենց մայրենիով կրթություն ստանալու անհրաժեշտության մասին նրա անդրադարձները կարևոր խթան էին նաև Իրանի այս հատվածների աջակցության համար։ Թեև նրա հիմնական մրցակից Ջալիլիի մայրը նույնպես ազերիախոս է, իսկ Ալի Խամենեին ինքը՝ Իրանի հասարակության նույն այդ հատվածից է սերում, բայց կրթության ոլորտի այդ բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսել է միայն Փեզեշքիանը։ Այս խնդիրը, սակայն, պետք դիտարկել երկրի ընդհանւոր ներքին բարեփոխումների շրջանակում, և չկապել արտաքին քաղաքական նախատրամադրվածությունների հետ։ Եթե ավելի պարզ, ապա երկրի ներսում ազերիախոսների կրթական իրավունքների հարցի ջատագով լինելը, ամենևին չի նշանակում երկրից դուրս՝ Իրանի՝ ադրբեջանական քաղաքականության փոփոխություն։
Բարեփոխական տրամադարություններով նորընտիր նախագահ Փեզեշքիանին հեշտ չի լինելու, իհարկե, պահպանողական մեծամասնությամբ պառլամենտի հետ աշխատանքը, բայց Իրանի հասարակությունն իրեն ընձեռված ընտրության ոչ մեծ ներկապնակում ու ոչ մեծ խանդավցառությամբ (հաշվի առնելով մասնակցության ցածր տոկոսները) Փեզեշքիանին ընտրելով՝ ևս մեկ անգամ փաստել է, որ երկիրը ներքին ու արտաքին քաղաքական փոփոխությունների անհրաժեշտություն ունի»: