Տեսակետ

Մոսկվան գնում է Մակրոնին օգնությա՞ն. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Ռուսաստանի ԱԳՆ-ն X-ի (նախկին Թվիթեր) էջում հրապարակվել է Մարին լը Պենի լուսանկարը՝ ուղեկցող գրառումով, որ Ֆրանսիայի ժողովուրդը ձգտում է ինքնիշխան քաղաքականության, որը կազատի Վաշինգտոնից և Բրյուսելից կախվածությունից:

Այդ «թվիթը» փաստորեն հրապարակվում է երկրորդ փուլից երեք օր առաջ: Մարին լը Պենը այդ առնչությամբ իրեն ուղղված հարցին պատասխանել է, որ դա սադրանք է, և ՌԴ-ն իր հաղթանակը իրապես կամենալու դեպքում չէր անի այդպիսի թվիթ:
Եվ իսկապես, փորձենք փնտրել տրամաբանություն: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը՝ հրապարակել մի բան, երբ «ոզնուն էլ պարզ» է, որ դա հարվածելու է լը Պենին, ոչ թե օգնելու: Ծիծաղելի կլինի փաստարկել, թե «պատահականություն» է, կամ էջը կոտրել են:

Համենայն դեպս, այդ պարագայում ՌԴ արձագանքը կլիներ կայծակնային:

Գործնականում, ՌԴ ԱԳՆ էջում այդ «թվիթը» օգնություն է Մակրոնին: Զարմանալի՞ է, որ կարող է լինել այդպիսի օգնություն:

Փարիզն ու Մոսկվան, լինելով միմյանց հետ կոշտ հռետորաբանության մեջ, շատ հարցերում գործում են բավականին համահունչ:

Հարց կառաջանա՝ ո՞րն է Մակրոնին օգնելու՝ Մոսկվայի շահը: Մակրոնը թույլ է: Այդ թուլությունը նրան ստիպում է խաղալ մեծ արագությունների վրա: Եթե նկատել եք, Մակրոնը վերջին ամիսներին ունի դիրքավորում, որը եվրաատլանտյան «ճեպընթացը» արգելակներից հանելն է: Հատկանշական է, որ նրա մոտեցումները աջակցություն չեն գտնում ՆԱՏՕ-ում: Մինչդեռ, դրանք շահեկան են նաև Մոսկվայի համար, որին հենց ԱՄՆ-ն ու Բրիտանիան են փորձում հանել «արգելակներից»:

Իհարկե, կաղապարված և քարացած սխեմաներով ու նարատիվներով առաջնորդվելու դեպքում աշխարհը սև-սպիտակ է:

Բայց մեր շուրջ տեղի ունեցողը ընդգրկուն գնահատելու համար օգտակար դուրս գալ սև-սպիտակ պրիզմաներից։ Հայաստանի համար էլ, որպես պետություն, արդեն կենսական հրամայական է աշխարհին նայել այդ պրիզմաներից դուրս»: