Տեսակետ

Առաջիկա տարիներին Հայաստանը ապրելու է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Առաջիկա ամիսներին և տարիներին Հայաստանը շարունակելու է ապրել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, որը, հնարավոր է, ավելի մոտ լինի խաղաղությանը:
Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, շարունակելու է զավթած պահել ՀՀ ինքնիշխան տարածքները սահմանագծի ողջ երկայնքով:

Ալիևի և նրա ավտորիտար ընտանիքի համար շահավետ չէ Հայաստանի հետ խաղաղությունը, քանի որ.

ա/ դեռ զգում է, որ կարող է ՀՀ-ից բաներ պոկել, թեև նաև զգում է ու նյարդայնանում, որ ՀՀ-ն որոշակիորեն վերականգնում է ռազմական հավասարակշռությունը,
բ/ ավտորիտար ամեն առաջնորդի պետք է արտաքին թշնամի, իսկ Հայաստանից ու հայ ժողովրդից հարմար թշնամի չկա այս պահին,
գ/ փորձելու է անկլավների թեմայով ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա,
դ/ փորձելու է իր դաշնակից Ռուսաստանի օգնությամբ և ներգրավումով Արաքսի երկայնքով միջանցք/սուվերեն անցում/ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան:
Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն զսպելու Ալիևի ախորժակը:
Ալիևի ախորժակը կսզպվի, երբ նրան հնարավոր կլինի պահել իր սահմաններում, այն է՝
ա/ ստեղծել մի իրավիճակ, երբ նոր պատերազմից Ալիևը կորցնելու բան կունենա,
բ/ հասնել ռազմական հավասարակշռության վերականգնման մի մակարդակի, երբ Ալիևը հազար անգամ կմտածի նոր էսկալացիայի դիմելուց առաջ,
գ/ Թուրքիայի հետ Հայաստանը մտնի կառուցողական բանակցությունների մեջ,
դ/ ստեղծել մի իրավիճակ, երբ Հայաստանը ևս կարևորություն կունեենա Ռուսաստանի համար, ինչպես ուներ 1990-ական թվականներին, անգամ՝ 2000-ականների սկզբներին:
Մեզ հեշտ օրեր չեն սպասվում, հրաշքներ չեն լինելու: Ալիևը շարունակելու է ստորացնել Հայաստանի գործող և նախկին ղեկավարներին, վրեժ լուծել նրանցից, ինչը նշանակում է՝ վրեժ լուծել Հայաստանի ժողովրդից:

Ընդդիմությունը հրճվում է, թե ինչպես է Ալիևը զվարճանում Փաշինյանի վրա, իրականում՝ Ալիևը նույնչափ զվարճանում է Սերժի ու Քոչարյանի վրա:
Փաշինյանին կարելի է քննադատել 24/7 ռեժիմով, բայց սիրտ հովացնել, որ Ալիևը ծաղրում է Փաշինյանին, ամոթալի է:
Հիշե՛ք, որ նաև դուք եք պատերազմի հրձիգները, ինչպես էր Փաշինյանը իր Զոհրաբ Մնացականյանով ու Դավիթ Տոնոյանով ու մյուսներով մինչև 2020-ի սեպտեմների 27-ը:»