Տեսակետ

«Շարժումը» հետապնդում է Արցախի ողբերգության խորքային պատճառները թաքցնելու նպատակ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ասել, թե Արցախից բռնատեղահանվածն իրավունք չունի չմիանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որովհետև «տնավեր է դարձել Նիկոլի մեղքով», նշանակում է՝ ԼՂՀ իշխանություններին ապահովագրել ոչ միայն առարկայական, այլև պատմական պատասխանատվությունից: Իսկ դրանից ուղղակի հետևում է, որ «շարժումը» և նրա տեղեկատվա-քարոզչական կրեատուրան հետապնդում են Արցախի ողբերգության խորքային պատճառները թաքցնելու, հայության գալիք սերունդներին ևս միֆոլոգիային ստրկացնելու նպատակ:

Հիմնավորումն արդեն հնչել է. Արցախում եթե նույնիսկ հանցագործություններ կատարվել են, դրանք Հայաստանի իրավապահ համակարգի գործը չեն: Արցախը պահելու հոգսը Հայաստանի հարկատուի ուսերին էր, պատերազմին զոհ տալու պարտքը ՀՀ քաղաքացունն էր, իսկ, ահա, իր զավակների արյամբ գազանի երախից փրկած հողն ու հայրենիքը հանձնելու համար նա Արցախի ապիկար պաշտոնյայից պատասխան պահանջելու իրավունք չունի: Քառորդ դար Արցախը գետտո էր, այսօր էլ եկեք բոլորին անձեռնմխելիությամբ օժտենք: «Սրբազանյան շարժումը» սա՞ է ուզում ասի»: