Տեսակետ

Հայաստանին հարմար են ավելի փոքր՝ 300-600 մեգավատ չափսի ռեակտորներ. Դանագուլյան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Այս շաբաթ Աստղիկ Սարգսյանի հետ խոսեցինք միջուկային էներգետիկայի և Հայաստանում այդ ոլորտի զարգացման մասին:
- Կա մի քանի երկիր, որոնք ունեն միջուկային ռեակտորներ արտադրող և դրանք արտահանող ընկերություններ` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, և Հվ. Կորեա:
- Հայաստանում նոր միջուկային ռեակտորի շինարարությունը և ռեակտորի ընտրությունը առաջին հերթին կապված են տնտեսական, ինչպես նաև քաղաքական գործոնների հետ:
- Ռուսաստանը այսօր արտահանում է ՎՎԵՌ-1200 տեսակի 1200 մեգավատ հզորության ռեակտորներ:

- Միջուկային էներգիան տալիս է երկրին զգալի (բայց ոչ բացարձակ) էներգետիկ անկախություն: Ռեակտորը վերալիցքավորվում է երկու տարին մեկ, այն ժամանակ, երբ բնական գազի հոսքը պետք է լինի շարունակական [շտեմարանները Հայաստանում, եթե չեմ սխալվում, կարող են կրել մոտ 0.5-2 ամսվա սպառման ծավալ, ոչ ավելին]:
- Էներգետիկ անկախությունն ու սուվերենությունը իրար հետ սերտորեն փոխկապակցված են: Եթե պարզեցված բացատրել, կարելի է ասել, որ էներգիան պարտադիր է տնտեսական աճի համար, իսկ տնտեսական աճը պարտադիր է պետականության կայունության համար:
- Հայաստանի էներգացանցի չափսն ու էներգիայի սպառման ծավալները դժվարացնում են >1000 մեգավատ ռեակտորի շահագործումն այն առումով, որ այդ չափսի էներգիայի գեներացման ծավալները կլինեն ուղղակի չսպառված… Այսինքն, այդպիսի ռեակտորը չի լինի տնտեսապես շահավետ:
- Որ պատկերացնեք, Հայաստանում գեներացվող էլեկտրականությունը միջինում կազմում է ընդամենը 900 մեգավատ:

- Այսպիսով, Հայաստանին հարմար են ավելի փոքր, 300-600 մեգավատ չափսի ռեակտորներ, այսինքն, այսպես կոչված փոքր մոդուլային ռեակտորներ:
- Բայց արդյո՞ք հնարավոր չէ կառուցել ՎՎԵՐ-1200 ու վաճառել էլեկտրականության ավելցուկը: Տեսականորեն, կարելի է: Բայց ու՞մ: Ի՞նչ գնով: Ի՞նչ ծավալներով: Իրանն ու Վրաստանը գնում են, եթե չեմ սխալվում, Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի մոտ 10%-ը: Եթե ինչ-որ մեկը ասում է՝ եկեք գնանք այդ ուղով, նա պետք է պատասխանի այս հարցերին: Ես առայժմ չեմ տեսնում, թե ինչպես է դա իրագործելի, և դրա իրագործելիության կասկածի դեպքում 1200 մեգավատը դառնում է ոչ շահավետ և տնտեսապես հակաարդյունավետ:
- Մոդուլյար փոքր ռեակտորներ առայժմ առաջարկում են կառուցել մի շարք ընկերություններ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Հվ. Կորեայում: Բայց արդյո՞ք նրանք կլինեն տնտեսապես շահավետ: Ինչպես անգլերեն են ասում, սատանան մանրուքների մեջ է:

- Միջուկային էներգետիկայի #1 թուլությունը տնտեսական է. այն պահանջում է հսկայական կապիտալ ծախսեր, դրանց հետևող վառելիքային և սպասարկման ավելի էժան ծախսերով: Բիզնեսի առումով սա այնքան էլ գրավիչ չէ: Բայց ռազմավարական առումով, եթե հաշվի առնվի քաղաքական externality-ները, գուցե ավելի լավ է համաձայնվել էլեկտրականության ավելի բարձր գներին, եթե դրանք կերաշխավորեն տնտեսա-քաղաքական կայունություն: Սատանան մանրուքների մեջ է:

Ի՞նչ խորհուրդ կտայի ես Հայաստանի ղեկավարությանը.

- միջուկային էներգիայի զարգացման ճանապարհի ընտրությունը առաջին հերթին տնտեսական խնդիր է: Հայաստանը առայժմ ունի էլեկտրականության բավականին ցածր գներ. դա չի շարունակվելու: Այսպես, թե այնպես, գները բարձրանալու են` կամ միջուկային ռեակտորի կորստի հետևանքով ավելի շատ գազ գնելու հետևանքով, կամ էլ` նոր ռեակտորի շինարարության հետ կապված ծախսերի և վարկերի մարման հետևանքով: Ո՞րն է ավելի շահավետ ճանապարհը: Շահավետ, այսինքն և՛ տնտեսական իմաստով, և՛ ռազմավարական:

- Սա պետք է շեշտեմ. Հայաստանին այս պահին հարկավոր է աշխարհի ԼԱՎԱԳՈՒՅՆ մասնագետների խորհրդակցությունը: Ես շատ եմ հարգում հայաստանցի մասնագետ կոլեգաներիս և նրանց տեխնիկական պատրաստվածությունը, բայց, այնուամենայնիվ, սա չափազանց ծավալուն և բարդ խնդիր է: ԱՄՆ-ի համալսարաններում, նույն՝ ՄՏԻ-ում, կան մի շարք գիտնականներ, որոնք ուսումնասիրում են վերոհիշյալ խնդիրները և կարող են Հայաստանի իշխանություններին տրամադրել ԱՆԱՉԱՌ և ԱՆԿԱԽ վերլուծություն: Առանց դրանց՝ Հայաստանին սպառնում է 5 մլրդ դոլարի սխալ»: