Տեսակետ

Խոջալուում սպանվածների իրական թիվը լիովին այլ է

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Խոջալուի դեպքերի ժամանակ քանի՞ ադրբեջանցի է սպանվել: Փորձենք պարզել: 1992թ. փետրվարի 26-ին  «Ազերինֆորմ» պետական գործակալությունը հայտնել է, որ «Խոջալուում մարտերը շարունակվում են, կա երկու զոհ»: Քրգործով որպես վկա հարցաքննված՝ գործակալության գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովն ասել է, որ տեղեկատվության աղբյուրը նախագահ Մութալիբովի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաևն էր: Վեջինս, իր հերթին, հղել է պետական քարտուղար Միդաթ Աբասովին:

Նա համեմատաբար բարեխիղճ է գտնվել և քննությանը հայտնել է, որ 1992թ. փետրվարի 26-ին, երբ ինքը նախագահ Մութալիբովի մոտ խորհրդակցության էր, Շուշիից իրեն կառավարական կապի մոտ է կանչել Ռահիմ Գազիևը և հայտնել, որ ադրբեջանական ուժերը վերագրավել են Խոջալուն, կա երկու զոհ: Փետրվարի 27-ին «Ազերինֆորմը» ներողություն է խնդրել նախորդ օրվա լուրի համար և հայտնել, որ Խոջալուում կա «100 սպանված»:

Նույն օրը Խոջալուի «գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովն Աղդամում հարցազրույց է տվել հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևին և հստակ հայտարարել, որ «զոհվել է 1000 մարդ»: Մարտի 2-ին օտարերկրացի լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում Մութալիբովի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաևը նշել է զոհվածների 1432 թիվը: Իսկ Ադրբեջանի ժողճակատի գրասենյակը տարածել է զոհվածների 1600 թիվը:

Քրեկան գործում առկա է սույն պաշտոնական փաստաթուղթը. «Խոջալուի դեպքի ժամանակ մեր միավորման փորձագետների կողմից դատաբժշկական զննության է ենթարկվել 181 դիակ: Այդ դիակներից 130-ը տղամարդու է, 51-ը՝ կնոջ: Զննության ենթարկված դիակներից 13-ը երեխայի է: Բեկորային վերքերից մահացել է 20 մարդ, 151-ը՝ հրազենային վերքից, 10-ը՝ բութ գործիքի հարվածից: Ստորագրված է՝ Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատաբժշկական փորձագետ, պրոֆ. Ռ. Մ. Յուսիֆով»:

Ահա Խոջալուի սպանված մարդկանց իրական թիվը: Ընդ որում՝ Բաքուն երբեք չի բացահայտել, թե սպանվածներից քանի՞սն են եղել զինվորական, ՆԳՆ և Ազգային անվտանգության նախարարության աշխատակից»: