Տեսակետ

Տարիներ ու տասնամյակներ Վիլսոնի վրա է կառուցվել Հայաստանի ընդարձակման ծրագիրը․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ։

Տարիներ ու տասնամյակներ Վիլսոնի վրա է կառուցվել Հայաստանի ընդարձակման ծրագիրը:

Որոշների համար դա եղել է հավատ, մյուսների համար՝ փող աշխատելու միջոց, երրորդների համար՝ հայկական մաքսիմալիզմի սնուցում...
Անգամ Նիկոլ Փաշինյանն է 2020թ ամռանը՝ ՄԵԾ ԱՂԵՏի նախօրեին, ողջունել Սևրի 100-ամյակի խորհրդաժողովը, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը մի հարցազրույցում խոսել դրա արդիական լինելու մասին:

Իրականում, 1920 թվականի այս օրը՝ հունիսի 1-ին, ԱՄՆ-ի սենատը մերժում է Վիլսոնի առաջարկը Հայաստանի մանդատը ստանձնելու մասին:
Հիմա շատերը կասեն, թե մանդատից հրաժարվելը մի բան է, Սևրն ու իրավարար վճիռը՝ բոլորովին այլ բան:

Այո, տարբեր են:

Բայց մտածել ե՞ք ինչու էր ՀՀ-ն 1920-ին մանդատ փնտրում և ինչ է նշանակում մանդատի տակ մտնել:
Դա, եթե Քոչարյանի այսօրվա բառապաշարով ասենք, Հայաստանի՝ ավելի մեծ միավորման մեջ մտնելու և փրկվելու տրամաբանությունն է:

ԱՄՆ-ը Հայաստանի մանդատից հրաժարվեց հետևյալ պատճառներով.

ա/ ԱՄՆ-ը սկսել էր վարել չմիջամտելու (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, պաշտոնապես հայտարարելով, որ չի խառնվելու Եվրոպայի գործերին: Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով, Ֆրանսիայի պատվիրակության անդամ պարոն Բերտելոն Սան-Ռեմոյի կոնֆերանսում դեռ ապրիլ ամսին հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի մանդատը ստանձնելու մասին «որոշակիորեն ժխտական պատասխան է տալու»:

բ/ Հայաստանի վիճակն ուսումնասիրելու համար այդտեղ էր ուղղարկվել Հարբորդի առաքելությունը, որն իր հաշվետվության մեջ հետևյալ առաջարկն էր արել իր կառավարությանը. Հայաստանը թշնամի տարերով շրջապատված և բնակված երկրիր է: Այդպիսի երկրի մանդատը վերցնել նշանակում է ստանձնել թշնամիներով բնակեցված և շրջապատված երկրամասում պետություն հիմնելու դժվարին գործը: Որպեսզի շրջակա երկրների հետ ներդաշնակ քաղաքականություն վարվի, անհրաժեշտ է այդ երկրների մանդատը ևս տալ ԱՄՆ-ին: Հակառակ դեպքում, միմիայն Հայաստանի մանդատը վերցնելը հանձնարարելի չէ:

գ/ Հայաստանի մանդատը ստանձնելու, Արևմտյան Հայաստանի տարածքը քեմալական զորքերից ազատագրելու համար ԱՄՆ-ը պետք է պատերազմեր, բազմաթիվ զոհեր տար և, բնականաբար, հսկայական միջոցներ վատներ:
Ահա թե ինչու ԱՄՆ-ը հրաժարվեց Հայաստանի մանդատից:

Իսկ մենք ցնորային քաղաքականություն ենք կառուցել՝ հույս դնելով երրորդ երկրների օգնության վրա:

Թ. Հ.

1 հունիս, 2024թ., Դովեղ