ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից, և նույնիսկ եթե դրանք մերթ ընդ մերթ հայտնվում են, շատ արագ հեռացվում են, նույնիսկ Բ. Գալստանյանի կարգախոսը, որն իր եկեղեցական գործունեությունը սառեցրել է, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր «Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ», բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը: Հիմա էն ընդդիմությունը, որը մեզ մեղադրում էր Արցախն ուրանալու մեջ, ինքն Արցախի իր օրակարգից բան չի թողել:
Չնայած՝ նենց չի, մեծ հաշվով, որ նոր օրակարգ է բերել, մի քանի խոսքով օրակարգը՝ «վայ, գլխիդ ձյուն գա, սա չակնկալիքների պայքար ա, բայց ակնկալում ենք հանդիպում, մենք սև չենք, սպիտակ ենք՝ սպիտակ շորերով, բայց հիմա մանուշակագույն ենք, թաթիկս պաչի, եկեք աղոթենք»:
Հիրավի, անխոցելի օրակարգ է։
Մի զավեշտ էլ այն է, որ Բ. Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018 թվականի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը, իշխանափոխությունը LEGO կոնստրուկտոր ա. պետք է միայն ճիշտ մասերը իրար կպցնես և կստանաս այն, ինչ ուզում ես: Բայց դա էլ հեչ, ախր, բացի նրանից, որ Բ. Գալստանյանը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին, միևնույն ժամանակ, նա ճշգրիտ ձևով կրկնում է նախկին տասնամյակներում ընդդիմության արած բոլոր սխալները: Մեկ ասում է՝ ռեժիմը խուճապի մեջ է, էլ մարդկանց Երևանի փողոցներով զբոսանքի տանում, վիրավորում ոստիկաններին, խոստումներ տալիս, ոգևորվում, ոգևորում և անելանելիությունից ծիծաղում, որ կողքինները մտածեն՝ մի բան գիտի երևի։ Այնքան ծանոթ ա սա, ասելու չի:
Հ.Գ. Հայաստանի վարչապետի պաշտոնի Չակնկալիք ունեցող մարդը պետք է նախ հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, այլ ոչ թե վեղարից, չնայած՝ կաթողիկոս դառնալու համար, եթե չեմ սխալվում, այլ երկրի քաղաքացի լինելը չի խանգարում»։