Տեսակետ

«Սառեցնել հոգևոր ծառայությունը․ ի՞նչ է սա նշանակում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Սա արդեն հասկանալի է: ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը թողնում է հոգևոր կյանքը և զբաղվում աշխարհիկ գործով, այն է՝ քաղաքականությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով: Արդյոք Բագրատ սրբազանը դրան փորձելու է հասնել փողոցո՞վ, թե՞ սպասելու է նոր ընտրական փուլին:

Բացի այդ, մեկ բայց կա առայժմ. սառեցնել հոգևոր ծառայությունը: Ի՞նչ է սա նշանակում: Կարո՞ղ է Բագրատ սրբազանը կրկին վերադառնալ եկեղեցի: Եվս մեկ բան՝ իսկ Կանադայի քաղաքացի լինելու հանգամանքը: Սա սահմանադրական արգելք է, թեև իրավաբաններն ավելի լավ կարող են բացատրել:

Ու մի վերջին հարց հայագետ, աստվածաբան ընկերներիս՝ մեր պատմությունը նման դեպք գիտի՞: Երբ բարձրաստիճան հոգևորականը մտնում է քաղաքականություն, ապա կրկին վերադառնում եկեղեցի:
Անշուշտ, Տեր Հուսիկ քահանա Լազարյանի դեպքը 1990-ական թթ հայտնի է: Նշենք նաև, որ Տեր Հուսիկը բարձրաստիճան հոգևորական չէր»: