Տեսակետ

Սահմանազատումը ադրբեջանական մի քանի գյուղերի համար ստեղծելու է նույն կամ ավելի բարդ խնդիրներ. Մելիքսեթյան

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«1976թ. ՍՍՀՄ ԶՈւ գլխ․ շտաբի քարտեզով սահմանազատումը Տավուշի հատվածում ստեղծելու է ադրբեջանական մի քանի գյուղերի համար նույն կամ ավելի բարդ խնդիրներ, քան ունի Կիրանցը, մինչդեռ Տավուշում չկա մի այլ հայկական գյուղ, որ այդ ընթացքից կարող է տուժել: Պատճառը նրանում է, որ սահմանի երկայնքի մոտ 70%-ի հատվածում հենց հայկական կողմն էր 90-ականներին նահանջել ու դիրքավորվել իր սահմաններից ներս, ու սահմանային ադրբեջանական գյուղերը այդ ընթացքում յուրացրել էին որոշակի հողատարածքներ:

Բացի դրանից, 70-ականներից հետո, մինչ Խորհրդային Միության փլուզումը, ադրբեջանական գյուղերը ավելի արագ տեմպերով էին աճում, քան հայկական գյուղերը, ու 1980-ականներին նրանց սահմանները արդեն տարբերվում էին այն սահմաններից, որ նշված են 70-ականների քարտեզներում (այդ տարբերությունը կարելի է տեսնել Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա) գյուղի կառուցապատված հատվածը համեմատելով 1976 և 1990թթ. կցված քարտեզների վրա):

Օրինակ, նախկին վարչական սահմանին վերադառանալու պարագայում Բալա Ջաֆարլի գյուղը զրկվելու է ճանապարհից դեպի շրջկենտրոն և երեք կողմից հայտնվելու է հայկական տարածքի ներսում: Հիմա Ադրբեջանը այդ շրջանում պահում է մոտ 6 կմ² Հայաստանի տարածք (Վազաշենի հողեր) ու դրանով ապահովում գյուղի կապը Ադրբեջանի մյուս հատվածի հետ:

Յարադուլլու ու Քյոհնաղշլաղ գյուղերը կորցնելու են տներ, ճանապարհներ, հողատարածքներ և ոռոգման համակարգեր․ այդտեղ Ադրբեջանի վերահսկողության տակ են մոտ 10 կմ² Հայաստանի տարածք Պառավաքար գյուղի այգիներից ու հանդերից: Ալիբեյլի գյուղը կորցնելու է այգիներ ու մի քանի բնակարաններ:
Աղդամ և Գարալար գյուղերը կորցնելու են այգիներ ու ֆերմաներ:

Ներքին Ոսկեպար և Բաղանիս Այրում գյուղերը արդեն իսկ կորցրել են տասնյակ տներ, ու եթե համեմատենք ԳՇ 1 կմ-ոց քարտեզը 1976թ., որտեղ եկեղեցուց մինչ սահման 100-ից ավել մետր է, ու համեմատենք 1990թ. ԳՇ 500 մետրանոց քարտեզի հետ, որտեղ մոտ 20 մ է, այս տարբերակը հայկական կողմի համար այդ հատվածում նույնիսկ չէր ակնկալվում, քանի որ նույնիսկ ոսկեպարցիք էին սովորել, որ եկեղեցուց անմիջապես այն կողմ խորհրդային ուշ շրջանում արդեն Ադրբեջանն էր: Բաղանիս Այրում գյուղի պարագայում գյուղի տարածքի մոտ 20%–ը այս սահմանազատման արդյունքում անցնում է Հայաստանին:

Տավուշի սահմանի միակ նշանալի հատվածը, որտեղ հայակական զինուժը կանգնած է խորհրդային շրջանի սահմանից առաջ, դա Բերդավան գյուղից արևելք գտնվող բլուրն է՝ Ղալինջաքար ամրոցից հյուսիս-արևելք՝ լքված Մելիքլի գյուղի հատվածում: Բաղանիս-Կիրանց հատվածից զատ սա միակն է, որտեղ հայկական կողմը այս սահմանազատման արդյունքում գնալու է էական զիջումի:

Տավուշում 90-ականներից հայկական կողմի վերահսկողությունից դուրս գտնվում է մոտավորապես 90-95 կմ² տարածք, որից մոտավորապես 35 կմ² ադրբեջանական ուղիղ վերահսկողության տակ է, իսկ մոտ 60–ն չեզոք գոտի է: Բացի այդ, չեզոք գոտուն հարող ևս մի քանի տասնյակ կմ² այս 30 տարվա ընթացքում չեն մշակվել մասնակի կամ ամբողջովին, ինչը նաև ունեցել է բնական ժողովրդագրական արդյունքներ: Տավուշի համար, հատկապես Իջևանի ու Բերդի տարածաշրջանների, դրանք ամենաբարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող նախալեռնային տարածքներն են: Համեմատելու համար պետք է նշել, որ անկլավներից դուրս հայկական կողմի վերահսկողության տակ էր Տավուշի հատվածում Ադրբեջանակն ԽՍՀ-ի մոտ 13 կմ², որից 3 կմ²-ը հայկական կողմը հանձնեց այս գործընթացի ժամանակ:

Քանի որ մարդիկ այս ամենի մասին պատկերացում չունեն, նրանք մտածում են, որ Տավուշում հայկական կողմը առավելություն ունի, և պայմանական ստատուս քվոն շահավետ է հայկական կողմի համար: Իրականում, սահմանի հաջորդ հատվածի ընտրությունը, որը պետք է սահմանազատվի, պետք է դառնա այն լակմուսային թղթիկը, որը ցույց կտա, թե ինչ զարգացում է ունենալու այս գործընթացը, ու որոնք են դրա իրական նպատակները: Ու Տավուշում, ի բացառության Բերդավանի նշված հատվածի, չկա այլ հատված, որտեղ հայկական կողմը այս տրամաբանությամ շարունակելու պարագայում կարող է կորուստ ունենալ: Բարեկամավանից Կոթի, Սարիգյուղից մինչ Չինարի ու այդտեղից մինչ Գեղարքունիքի սահմանները հայկական զինուժը գրեթե բոլոր հատվածներում սահմանից ներս է կանգնած ու ցանկացած հատվածի սահմանազատումը բերելու է այդ իրավիճակի բարելավմանը:

Քարտեզներում Ոսկեպարի եկեղեցին է․ 1976թ. քարտեզով՝ սահմանից 100 մ-ից ավել, և 1990 (88) թ. ԳՇ 500 մետրանոց (1 սմ = 500 մ) քարտեզով՝
արդեն մոտ 20 մ: Իմիջիայլոց, Կիրանցի հատվածում այս երկու քարտեզների միջև տարբերություն չկա, և հայտնի դարձած Մհերի տունը իսկապես հայտնվում է սահմանի վրա»: